26/06/2009 18:36
Լ. Անանյան. Հայ գրականությունը պետք է դուրս գա միջազգային ասպարեզ
Այսօր Հայ բարեգործական ընդհանուր միությունը Հայաստանի գրողների միությանը տպարան է նվիրել: «Դա 3 տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Նա տեղեկացրեց, որ Օտարագիր գրողների 3-րդ համաժողովը կանցկացվի նոյեմբերի վերջին Կալիֆորնիայում: Դրան կմասնակցեն շուրջ 100 հեղինակներ ամերիկյան մայրցամաքից, 40 հեղինակներ Եվրոպայից և Միջին Արևելքից: «Սա կլինի շատ հետաքրքիր և լայն ձևաչափով»,- ասաց Լ. Անանյանը:
Գրողների միության նախագահի խոսքերով, վերջին 2 ամսում համագործակցության 4 հուշագրեր են ստորագրվել` Ռումինիայի, Սլովակիայի, Սիրիայի և ՀՀ Սփյուռքի նախարարության հետ, իսկ այսօր Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գիտխորհրդում ստորագրվել է հուշագիր Միության և համալսարանի միջև, որպեսզի ստեղծվի թարգմանությունների բանկ:
Լ. Անանյանը նաև տեղեկացրեց, որ Գրողների միությունը բանակցում է երկու կազմակերպությունների հետ մի ծրագրի շուրջ, թե ինչպես նոր գրքերը անմիջապես մտցվեն միության կայք: «Գիրքը և համակարգիչը չպետք է դարձնել թշնամիներ»,- շեշտեց նա:
Լ. Անանյանը Միության կարևոր ձեռքբերում համարեց այն, որ այսօր «Միության յուրաքանչյուր անդամ իրեն համարում է գրական մրցանակի թիվ 1 հավակնորդ: Կարողացել ենք տարիներ առաջ արմատացած խոցելի, վհատ վիճակը վերացնել: Ժամանակը և ընթերցողը կինեն դատավորներ, թե մրցանակ ստացած ո՞ր գրքերն են իսկապես դրանց արժանի»,- ընդգծեց Լ. Անանյանը: