27/06/2009 14:28
Կանցկացվի ԱՐԵՎ առաջնամագլցման բաց փառատոնը
Հուլիսի 1-ից 31-ը կանցկացվի ԱՐԵՎ առաջնամագլցման բաց փառատոնը` ՀՀ էկոնոմիկայի Նախարարության, Հայաստանի Ժայռամագլցման և Լեռնագնացության Ֆեդերացիայի և Սպիտակ Փրկարարական Կենտրոնի աջակցությամբ: Փառատոնի կազմակերպիչն է "Up The Rocks" ակումբը:
Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել ժայռամագլցումը և դրանով իսկ խթանել զբոսաշրջությունը` ներգրավելով օտարերկրացիների, ինչպես նաև հայ երիտասարդների, ովքեր հետաքրքրված են ժայռամագլցմամբ: Փառատոնն այդ երիտասարդներին հնարավորություն կտա դիտել պրոֆեսիոնալ ժայռամագլցողների վերելքը, սովորել ժայռամագլցման հիմնային տեխնիկան` փորձ ձեռք բերելով այն ուղիներով, որտեղով արդեն փորձառու մագլցողներն են բարձրացել և որոնք անվտանգ են: Փառատոնի վերջում ամենաակտիվ և հետաքրքրված երիտասարդները կներգրավվեն "Up The Rocks" ակումբում և հնարավորություն կունենան շարունակել վարժանքները` հմտանալու այս ոլորտում:
Փառատոնի ծրագրում ներառված են տարբեր ժայռամագլցման վայրեր. Գառնիի կիրճ (բազալտե սյուներ), Իջևանի լեռնաշղթա (կրաքարային ժայռեր), Նորավանքի կիրճ (կրաքարային ժայռեր) և Բջնիի կիրճ (բազալտե սյուներ):
Փառատոնի մագլցողների խումբը կազմված կլինի տարբեր երկրների պրոֆեսիոնալներից, իսկ սկսնակների խումբը տեղացի երիտասարդներից` ովքեր կցանկանան միանալ ճամբարին:
Ժայռամագլցումն այսօր մեծ տարածում է գտել աշխարհում, և բազում երիտասարդներ այն ընկալում են որպես իրենց կենսակերպի անբաժանելի մաս: ԱՐԵՎ փառատոնն այդ երիտասարդությանը կմիավորի Հայաստանում` վերջինս վերածելով բազմադեմ տուրիստական հանգրվանի` գրավիչ ոչ միայն գեղեցիկ բնություն և դարավոր մշակույթ փնտրող զբոսաշրջիկի, այլև ակտիվ և առողջ հանգստի սիրահարների համար:
Առաջնամագլցում արտահայտությունը ժայռամագլցման մեջ նշանակում է` ընտրել ժայռի այն հատվածը, որտեղով երբևիցե որևէ մեկը չի մագլցել: Հայաստանում կան բազում այդպիսի ժայռեր, որոնք ունեն ժայռամագլցման հանրահայտ վայրեր դառնալու մեծ հնարավորություն: Հաշվի առնելով նաև ժայռերի շրջապատում առկա հայաստանյան գեղեցիկ բնապատկերները` դրանք կարող են դեպի Հայաստան գրավել բազում զբոսաշրջիկների և պրոֆեսիոնալ ժայռամագլցողների: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: