07/07/2009 13:30
Ա. Ալամը` ՀՀ հակաճգնաժամային միջոցառումների մասին
«Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» երկօրյա միջազգային համաժողովի ընթացքում, որ այսօր մեկնարկել է Երևանում, ՀԲ հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումները մեծ կարևորություն ունեն և խիստ արդյունավետ են, քանի որ դրանց արդյունքում նվազում է աշխատատեղերի կորուստը, և իրական խորձեր են արվում խոցելի խավին աջակցելու համար:
«Հայաստանի ընտանեկան նպաստների ծրագիրը տարածաշրջանի լավագույնն է և նույնիսկ որոշ զարգացող երկրների նման ծրագրերի հետ շատ շահեկան համեմատվում է, բայց ծավալներով փոքր է»,- հայտարարեց Ա. Ալամը:
Նշենք, որ միջազգային համաժողովի ընթացքում կքննարկվեն համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը զարգացող տնտեսությունների վրա, երկկողմ և բազմակողմ միջազգային կառույցների դերը ճգնաժամի ազդեցության մեղմման գործընթացում, ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի վրա, հակաճգնաժամային քաղաքականությունը և այլ հարցեր:
Համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև «Անցումային շրջան` զարգացման խնդիրներ» տեղեկագրի շնորհանդեսը, որը մշակվել է ՄԱԿ զարգացման ծրագրի և Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի կողմից: