10/07/2009 18:30
Նոր շունչ Երևանի մետրոպոլիտենին
Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանների կառուցումն արդեն սարերի ետևում չէ: Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Ֆինանսների նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև վերջերս կնքված հուշագրի համաձայն` մոնիտորինգային խմբերը յուրքանչյուր շաբաթ այցելում են և տեղում հետազոտական աշխատանքներ իրականացնում: Ինչպես Aysor-ի թղթակցին հայտնեցին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի լրատվական ծառյությունից, այդ արդյունքների հիման վրա կորոշվի հատկացվելիք գումարի չափը և աշնանը կստորագրվի դեպի Աջափնյակ 2 կայարանների կառուցման համար վարկի տրամադրման մասին պայմանագիրը: Նոր կայարանների շահագործման դեպքում, նախնական հաշվարկներով, ուղևորափոխադրումները կավելանան շուրջ 25 %-ով, իսկ մետրոյի երկաթգծերի երկարությունը` 2.5-3 կմ-ով:
«Երբ կավարտենք Աջափնյակը, երկրորդ փուլը` Կոմիտասով դեպի Մասիվ ուղղության կառուցումն է, որը, սակայն, ցանկալի բայց հեռավոր ուտոպիա է»,- ասաց մետրոպոլիտենի մամլո քարտուղարը:
ԱԶԲ տրամադրած վարկով նախատեսվում է նաև ստորգետնյա անցում կառուցել Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում` դեպի «Երիտասարդական» կայարան: Նշենք, որ նախկինում այդպիսի անցում եղել է: Այժմ Սուրբ Կաթողիկե եկեղեցու վերանորոգման աշխատանքների հետ միասին կկառուցվի նաև անցումը:
Շինարարական աշխատանքները ակնկալվում է սկսել 2010 թ.:
Նշենք, որ Երևանի մետրոպոլիտենը շահագործման է հանձնվել 1981թ. մարտ ամսին: Վերջին կայարանը (Չարբախ) շահագործվում է 1996 թ. սկսած: Այն ներկայումս ունի 12,1 կմ ընդհանուր երկարության գիծ, 10 կայարան և շահագործվում է 30 վագոն (նախկինում 70 վագոն):