23/07/2009 15:38
«Դորիանս» ռոք խմբի մենահամերգը` ակումբային տարբերակով
Հուլիսի 25-ին ժամը 20:00-ին 32 ակումբում տեղի կունենա «Դորիանս» ռոք խմբի մենահամերգը:
Սա խմբի երկրորդ մենահամերգն է, առաջինը եղել է հունիսի 21-ին` խմբի գործունեության մեկամյակի կապակցությամբ:
32 ակումբից Կարեն Բաբաջանյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ «Դորիանս»-ը այն խումբն է, որը լիովին համապատասխանում է ակումբային համերգի առաջադրած չափանիշներին:
«Մենք ստեղծում ենք մի համերգային սրահ, որտեղ առաջ է գալիս արտիստը, շոուն: Համագործակցության առաջարկը մեր կողմից եղավ «Դորիանսին», իսկ ակումբային համերգը մյուս հարեգներից տարբերվում է նրանով, որ լուսային էֆեկտներով դրա նմանը չկա: Ոչ թե չեն կարող, ուղղակի մի քիչ նվիրվելու խնդիր կա», - ասաց Կարեն Բաբաջանյանը:
Իսկ թե ի՞նչ է նշանակում ակումբային համերգային սրահ հարցին նա պատասխանեց, որ ովքեր տեսել են դրսի համերգային սրահները, կհասկանան` ի՞նչ են ուզում ստեղծել այստեղ.
«Նոր բան չենք անում աշխարհում, նոր բան ենք անում Հայաստանում: Գրդոնի ժամանակն անցել է», - ասաց Կ. Բաբաջանյանը:
Նշենք, որ համերգի տոմսերն արժեն 3000-6000 դրամ: Սա ակումբի երրորդ նմանատիպ համերգային նախագիծն է: Մինչ այդ համերգային ծրագրով հանդես են եկել Արամ MP3-ին, «Ռեինկարնացիա» ռոք խումբը: Հուլիսի 31-ին սպասվում է MP rey խմբի, օգոստոսի 4-ին` «Կադանս» համույթի համերգները:
Իսկ թե ի՞նչ նոր ծրագրեր ունի 32 ակումբը, Կարեն Բաբաջանյանը նշեց, որ սեպտեմբերին սպասվում է նոր նախագիծ, «լավ նախագիծ», բայց նախընտրեց չմանրամասնել: Մեկնարկել է նաև «32 քաստինգ» ծրագիրը, որին կարող են մասնակցել 15 տարեկանից սկսած բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց տեսնում են բեմում: