27/07/2009 18:25
Նախկին «Յոթի գործի» մասնակիցն այսօրվա «Յոթի գործի» մասին
«1960-ականների սկզբում արդեն զարգացել էին իրադարձություններն այնպես, որ անհրաժեշտ էր այլախոհական մի խումբ, որը պետք է առաջ բերեր ազգային նոր մտածելակերպ, հիմք դներ նոր զգացողության` հանուն հայրենիքի ամրապնդման: Այն առաջացավ 1962 թ.-ի ապրիլի 5-ին` մի երիտասարդ խմբի նախաձեռնությամբ, որը հետագայում ունեցավ հայրենասիրական շարժման ուղիղ 100 մասնակից»,- այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ պատմեց գրող Մերուժանը:
Նա ևս այդ խմբի անդամ էր, խումբ, որի գործունեությունը տևեց 1.5 տարի: 1963 թ.-ի դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ձերբակալվեց առաջատար յոթնյակը, բացվեց «Յոթի գործը»:
Խաչիկ Ամիրջանյան, Խաչիկ Սաֆարյան, Գրիգոր Յաղյան, Կարապետ Քիրոմիջյան, Վիգեն Բաբայան, Էդվարդ Կակոսյան և Մերուժան Հովհաննիսյան յոթնյակից յուրաքանչյուրը ստացավ պատիժ` ըստ արարքի գնահատականի:
«Իմ պատժի ավելի քան կեսը կրել եմ Վլադիմիրի քաղաքական բանտում, Նժդեհի բանտախցում եմ կրել: Ես երջանկություն եմ ունեցել այդ ցավը կրելու այդ հանճարեղ մարդու բանտախցում, որտեղ նա վախճանվեց»,- հիշեց գրող Մերուժանը:
Նրա խոսքերով, կալանավայրերից վերադարձողների համար ամենադժվարը խիղճը չկորցնելն է, քանի որ վերադարձողը նմանվում է իր բռնակալին: Մերուժանն այն համոզման է, որ բռնության օջախից վերադարձող անձը պետք է պաշտոն չստանա, նա պետք է ապրի քաղաքացիական կյանքով, քանի որ կվերածվի իրական բռնակալի, մյուս կողմից էլ, ըստ գրողի, չպետք է մոռանալ այդ մարդուն. նա կարող է լավ խորհրդատու լինել:
Ինչ վերաբերում է առաջարկին` համեմատել 60-ականների յոթնյակն այսօրվա «Յոթի գործի» հետ, նա ասաց, որ երկու յոթնյակներն էլ այլախոհ են, բայց կա մի բայց:
«Խոսելով այլախոհության մասին` ասում էին այլախոհությունը տեսակ է, մենք տեսակ էինք, մեզ վերացնել հնարավոր չէ: Նրանց յոթը փլուզվեց, որովհետև նրանցից յոթն էլ տարբեր նպատակներ ունեին: Այս մարդիկ տարաբնույթ մարդիկ էին` իրենց մտածողությամբ»,- ասաց Մերուժանը: