12/08/2009 13:44
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Տոմաշ Կնոտհեին
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոտհեին` Երևանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Կնոտհեին անցած տարիների սերտ համագործակցության համար:
Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց դեսպանի աշխատանքը և նշեց, որ վերջին տարիներին հայ-լեհական հարաբերությունները դինամիկ զարգացում են ունեցել բոլոր բնագավառներում:
Զրուցակիցները կարևորեցին ս.թ. ապրիլի վերջին ԱԺ նախագահի Լեհաստան կատարած պաշտոնական այցը, որը նոր լիցք հաղորդեց երկու երկրների հարաբերություններին քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ բնագավառներում:
Այդ համատեքստում Հ. Աբրահամյանը շեշտեց, որ ձևավորված դրական մթնոլորտը թույլ է տալիս լիարժեքորեն օգտագործել հայ-լեհական հարաբերությունների զարգացման հարուստ ներուժը: Նա նաև բարձր գնահատեց Լեհաստանի դերակատարությունը Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագիրը կյանքի կոչելու գործում:
Ամփոփելով զրույցը` Հ.Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպան Կնոտհեին իր ձեռնարկումներում և հույս հայտնեց, որ նա բարեկամական կապը մեր երկրի հետ կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո ևս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: