02/09/2009 14:30
Բաքվի բարձրացրած աղմուկն այլևս անզոր է
Այսօր Էրդողանի գլխավոր խորհրդականը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աշխատանքեր տանել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ուղղությամբ, անկախ այն բանից ղարաբաղյան հարցը կլուծվի, թե` ոչ:
Ըստ` թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի էլեկտրոնային կայքի` Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Հուսեին Չելիքը հայտարարել է. «Եթե նույնիսկ Ղարաբաղի հիմնախնդիրը չլուծվի էլ, միևնույն է, Թուրքիան շարունակելու է աշխատել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի օգնական Օնուր Օյմենն էլ կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականություններում պատմական մի գործընթաց է սկսվել: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, թե ինչու Թուրքիան փակեց սահմանը: Պատճառը հայկական զինուժի կողմից ազատագրված տարածքներն էին:
«Տրամաբանորեն` սահմանների բացման համար, պետք է ուրեմն տեղի ունենա այդ տարածքներից հայկական զինուժի դուրսբերումը: Բայց դրա նշանը կա°: Չկա: Կա միայն այն, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փոխվել է: Ներկայիս իրադրությունն այնպիսին է, որ հզորները ինչպես կամենում են, այնպես էլ իրականացվում է քաղաքականությունը»,- ասել է Օնուր Օյմենը: