
08/09/2009 17:37
Հանդիպում
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ-սիրիական գործարար խորհրդի պատվիրակությանը` խորհրդի սիրիական կողմի համանախագահ, Հալեպի առևտրական պալատի խորհրդի անդամ Լևոն Զաքի Ետալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին խորհրդի փոխնախագահ Շահե Յաղուբյանը և խորհրդի անդամ Սուրեն Վարդանյանը:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ սիրիահայ համայնքը ամենակազմակերպվածներից է: Նրա գնահատմամբ, հայ-սիրիական հարաբերությունների զարգացման նոր ուղի արձանագրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի 2009թ. հունիսի այցը Հայաստան: Տիկին Հակոբյանը հիշեցրեց նշված այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սագսյանի կատարած այն նկատառումը, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն զարգացման մեծ հնարավորություններ` հատկապես գործարարության ոլորտում, ինչպես նաև կարևորեց սիրիական և հայկական ապրանքների ցուցահանդեսների փոխանակման ծրագրի շարունակականության ապահովումը:
ՀՀ սփյուռքի նախարարը սիրիահայ գործարարներին հորդորեց էլ ավելի աշխուժացնել գործունեությունը Հայաստանում, ինչին կնպաստի նախարարության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում Սփյուռքի համայնքներում կատարվելիք աշխատանքը: Նախատեսվում է, որ 2009թ. նոյեմբերի վերջին Երևանում կանցկացվի Հայաստանում ներդրումներ կատարող սփյուռքահայ գործարարների հավաք:
Տիկին Հակոբյանն անդրադարձավ նաև համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարության գործընկերների դաշտի և համայնքների կարիքների հստակեցման խնդիրներին, որոնց լուծումը կնպաստի նախարարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանը:
Ներկայացնելով հայ-սիրիական գործարար խորհրդի նպատակները, Լ.Զ. Ետալյանը տեղեկացրեց, որ դրանք վերաբերում են երկու երկրների միջև գործարար հարաբերությունների զարգացմանը, ապրանքների արտահանման և ներմուծման ծավալների մեծացմանը: Նա գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը Սփյուռքի գործարար ներուժի նկատմամբ:
Հանդիպման ընթացքում նախարար Հ.Հակոբյանը և սիրիահայ գործարարներն անդրադարձան նաև Հայաստանի գործարար միջավայրի կատարելագործման խնդիրներին: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց Հայաստանում սփյուռքահայերի կացության և գործարարության վարման օրենսդրական խնդիրներին նվիրված ձեռնարկի նախագիծը: Այս ամսին հայտնում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը: