15/09/2009 15:46
Դաշնակցությունը դուրս է եկել բողոքի
Երևանի Հանրապետության հրապարակում ՀՅԴ-ն սկսել է խոստացած բողոքի ակցիան: «Ոչ մի զիջում թուրքերին», «Չուրանանք, չզիջենք, ընդվզենք. Նախապայմաններին ոչ» պաստառներով ու «Նալբանդյան հեռացի՛ր» վանկարկումներով և ցուցապաստառներով կուսակցության անդամները և համակիրները հավաքվել են ՀՀ Կառավարության և ԱԳՆ շենքի առջև: Միջոցառման մասնակիցներն ընդդիմանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ օգոստոսի 31-ին Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի կողմից նախաստորագրված երկու արձանագրություններին:
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիային մասնակցեկլու են ՀՅԴ բոլոր կառույցների ներկայացուցիչները՝ նույնիսկ Բյուրոյի և Գերագույն մարմնի:
«Սա զգոնության կոչ է մեր ժողովրդին, որպեսզի ժողովուրդն անտարբերությամբ այս 6 շաբաթները չանցկացնի և ընկալի, որ նրանից շատ բան է կախված», - պարզաբանեց Ա.Ռուստամյանը միջոցառման նպատակը, հավելելով, որ Դաշնակցությունը այս հարցի կապակցությամբ կդիմի նաև այլ միջոցների:
«Բոլոր միջոցները օգտագործելու ենք, որպեսզի մեր մոտեցումները հասանելի դառնան, և մեր ժողովուրդն իմանա, թե ինչի մասին է խոսք գնում», - ասաց նա:
Արդեն այս պահին 50 հոգի հացադուլ են հայտարարել Կառավարության, իսկ 24 հոգի՝ ԱԳՆ շենքի դիմաց: Նույն տեղում Դաշնակցության ակտիվիստները տարածում են թերթիկներ, որտեղ ներկայացված են ՀՅԴ մտահոգություններն ու պահանջները: Արտգործնախարարության շենքի դիմաց սկսվել է նաև բողոքի ակցիայի համակիրների ստորագրահավաք: