25/09/2009 12:54
Էրդողանն ակնկալում է հրեաների աջակցությունը
ԱՄՆ ժամանելուն պես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում է «Նուվել դ'Արմենի» (Nouvelle d’Armenie) պարբերականը, քննարկման հիմնական թեման եղել է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը և ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման հնարավորության հարցը:
Աղբյուրը նշում է, որ Էրդողանի հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Միություն ընդդեմ վարկաբեկման» (Anti-Defamation League) կազմակերպության առաջնորդ Աբրահամ Ֆոքսմանը: Սա արդեն Էրդողան-Ֆոքսման երրորդ հանդիպումն է:
Ֆոքսմանը ԱՄՆ-ում հրեական ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի ղեկավարն է, որը 2007 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ համարում է Հայոց Ցեղասպանությունը անվիճելի իրողություն, ինչը Անկարայում բուռն արձագանք էր ստացել: Սակայն, Թուրքիայի ղեկավարներին հաջողվեց մտքափոխ անել Ֆոքսմանին, ով մեկ շաբաթ անց հայտարարեց, որ կխոչընդոտի Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունմանը ԱՄՆ Կոնգրեսի կողմից: