02/10/2009 17:54
«Մի օրենք չկա, որ ասի` գողություն ես անում»
Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ Ջիվան Գասպարյանը անդրադարձավ արվեստագետի հեղինակային իրավունքներին և երևանյան խանութներում ազատ վաճառվող պիրատական սկավառակներին:
«Մեր քաղաքի բոլոր ձայնագրությունները անօրեն են: Բոլորն առանց թույլտվության տպում են և վաճառում»,- ասաց Ջ. Գասպարյանը և հավելեց, որ տանը 3 ձայնասկավառակ ունի, որոնք ձայնագրվել են Եվրոպայում, սակայն վախենում է որևէ մեկին նվիրել, քանի որ հնարավոր է անօրինական ձևով տպեն և տարածեն:
«Մեր կառավարությունը, պատասխանատու մարդիկ պիտի մտածե՞ն հեղինակային իրավունքների մասին»,- հարցրեց Գասպարյանը:
«Մի օրենք չկա, որ ասի` գողություն ես անում»,- ասաց Ջ. Գասպարյանը և հավելեց, որ նույնիսկ եղել են դեպքեր, երբ այդ պիրատական ձայնագրությունները բերել են իրեն, որ ստորագրի:
Ջ. Գասպարյանը նաև նշեց, որ այդպիսի պիրատական ձայնագրություններում երբեմն իր անվան տակ նվագում է բոլորովին ուրիշ դուդուկահար, երբեմն էլ` ձայնասկավառակի վրա պատկերված նկարն է զայրացնում նրան:
«Վերջապես սրան մի օր պիտի վերջ տա՞ն, թե` ոչ: Չգիտեմ` ում պիտի դիմեմ, որ այս հարցը լուծվի»,- ասաց Ջիվան Գասպարյանը և հույս հայտնեց, որ Կառավարությունը համապատասխան օրենք կընդունի` արգելելու պիրատական ձայնագրությունները: