06/10/2009 15:25
Էջմիածինն առաջին անգամ նշելու է իր տոնը
Հոկտեմբերի 8-ին առաջին անգամ Էջմիածին քաղաքը նշելու է իր տոնը: Այս մասին Aysor-ին հայտնեց Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայության բաժնի պետ Վարդան Վարդանյանը:
Տեղեկացնենք, որ Էջմիածնի օրը առանձին տոնելու գաղափարը պատկանում է քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Այս նպատակով ձևավորվել է գեղարվեստական խորհուրդ, որը քաղաքի տոնը նշելու օր է ընտրել հոկտեմբերի 8-ը:
«Բանը նրանում է, որ 405 թ-ին հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը գրերի գույտը ձեռքին ոտք դրել Վաղարշապատ», - մանրամասնեց քաղաքապետ Կ. Գրիգորյանն ու հավելեց, որ քաղաքի տոնին նվիրված միջոցառումներն անցկացվելու են երեք օրերի ընթացքում` հոկտեմբերի 7-9-ը:
Տոնին նվիրված բազմաբովանդակ միջոցառումների շարքում կազմակերպվելու են համերգներ, տեղի են ունենալու ցուցահանդեսներ, հուշարձանների ու զբոսայգիների բացման արարողություններ և սպորտային մրցույթներ:
Այսպիսով, հոկտեմբերի 7-ին` առավոտյան 10:30-ին քաղաքի տոնը շնորհավորել ցանկացող հյուրերին ու միջոցառումների մասնակիցներին ընդունելու են քաղաքապետարանի մոտ: Այնուհետև Հայաստանի Երկրապահ կամավորական միության Էջմիածնի տարածքային բաժանմունքում տեղի է ունենալու հավաք, որից հետո հյուրերը կայցելեն Էջմիածնի «Հայրենական մեծ պատերազմի» հուշարձան, իսկ Զվարթնոցում` կմասնակցեն Արցախյան ազատամարտիկներին նվիրված խաչքարի բացման արարողությանը:
Էջմիածնի մարզադաշտում այդ օրը 16:00-ին տեղի է ունենալու ֆուտբոլային մրցախաղ, իսկ 16:30-ին և 17:30-ին համերգներ` համապատասխանաբար Էջմիածնի Չարենց թաղամասում և Մ. Երկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում:
Գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու հենց հոկտեմբերի 8-ին: Քաղաքում կազմակերպվելու է հանդիսավոր շքերթ` բեմականացված Վաղարշ թագավորի ժամանակներից մինչև մեր օրերը բնորոշող հերոսներով, ինչպես նաև Էջմիածնի պատմաազգագրական թանգարանի ու մի քանի խաղահրապարակների բացման արարողություն, ցուցահանդեսներ ու համերգներ` քաղաքի տարբեր մասերում:
«Այդ օրը Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում քաղաքի շուրջ 120 հոբելյարների պատվին տեղադրված է լինելու 20 քառակուսի մետր մակերեսով և 1 տոննա կշռող տորթ: Բացի այդ, քաղաքի շուրջ 200 ընտանիքի մատաղ է բաժանվելու», - մանրամասնեց մամուլի քարտուղար Վ. Վարդանյանը:
Տեղեկացնենք նաև, որ քաղաքի տոնին Մշակույթի պալատի դահլիճում տեղի է ունենալու հանդիսավոր նիստ, որի ժամանակ քաղաքապետը մի շարք մրցանակներ է հանձնելու` ոչ միայն Էջմիածնի քաղաքացիներին, այլև քաղաքի բարեկամներին: Օրը կեզրափակվի Կոմիտասի անվան հրապարակում կազմակերպվելիք մեծ համերգով, որին մասնակցելու են Հայաստանի հայտնի աստղերը:
Հոկտեմբերի 9-ին կամփոփվեն տոնական միջոցառումները: Ժ. 10:30-ին տեղի կունենա ըմբշամարտի բաց առաջնություն, իսկ 15:00-ին Էջմիածնի Արագածի զանգվածում` տոնական համերգ: