14/10/2009 14:07
Արենի գյուղում կազմակերպվելու է գինու փառատոն
Հոկտեմբերի 17-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում գինետոն է լինելու` Արենի գինու փառատոն: Փառատոնը կազմակերպել են Վայոց Ձորի մարզպետարանը, Արենիի գյուղապետարանը, իսկ հովանավորների թվում են Արենի գյուղի երկու գինու գործարանները, գործարարներ, CARD կենտրոնը և Էկոնոմիկայի նախարարությունը:
Գինետոնի ժամանակ փակվելու են Արենի գյուղի որոշ ճանապարհներ, քանի որ հենց ճամփեզրերին նախատեսված է գինու համտեսի, լավաշաթխման, պանրահամտեսի, ռշտայի պատրաստման և այլ զանազան միջոցառումների անցկացում:
Ինչպես ասյօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ նշեց Արենի գյուղի գյուղապետ Ժիրայր Եղյանը` սպասվում են հյուրեր Երևանից, լինելու են նախկին արենցիներ, տարածքային կառավարման նախարարը, գյուղատնտեսության նախարարը, ինչպես նաև դեսպաններ` մասնավորապես ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
Գինու փառատոնի ժամանակ լինելու է անակնկալ, որը զարդարելու է գինետոնը: Ժիրայր Եղյանը բացեց փակագծերը` գինետոնին զուգահեռ տեղի է ունենալու հարսանիքի արարողություն, որի ժամանակ նորապսակներին փառատոնի կազմակերպիչները նվերներ են հանձնելու:
Ժիրայր Եղյանն իր խոսքում նաև նշեց, որ որոշել են Արենի գյուղում գինու փառատոնը դարձնել ավանդական:
«Մարզը մշակութային արժեքներով հարուստ մարզ է, մեր հյուրերը և Նորավանք կգնան, և գյուղի Ս. Աստվածածին վանք կգնան…»,- ասաց Արենի գյուղի գյուղապետը և հավելեց, որ Արենիի քարանձավներում այսօր էլ պեղումներ են կատարվում, որտեղ հնէաբանական բավական հարուստ նյութ կա:
Նշենք, որ Արենիի քարանձավներից գտնված խաղողի ճյուղը Օքսֆորդի համալսարանի փորձագիտական կենտրոնը թվագրել է մեզանից 6 հազար տարի առաջ, իսկ քարանձավում հայտնաբերված հնագույն գինեհնձանը ամենավաղ շրջանի գինու մշակման կենտրոն է եղել: