23/10/2009 09:56
Ղազախստանն ու Թուրքիան դարձան ռազմավարական գործընկերներ
Նախօրեին Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Նուրսուլթան Նազարբաևը Անկարայում ստորագրեցին ռազմավարական գործըկերության մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է CAN (Կենտրոնական Ասիայի նորություններ) գործակալությունը:
Ղազախստանի նախագահը նշել է, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկու երկրենրի միջև ընթացող բանակցությունների հիմնական արդյունքն է:
«Փաստացիորեն, մենք արդեն վաղուց ռազմավարական գործընկերներ ենք, սակայն այժմ Ղազախստանն ու Թուրքիան դուրս են գալիս համագործակցության նոր մակարդակի», - ասել է Ն.Նազարբաևը, նշելով, որ դա վերաբերում է երկու երկրների միջև համագործակցության բոլոր բնագավառներին:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն, իր հերթին, ընդգծել է, որ «Ղազախստանը առաջին թյուրքալեզու երկիրն է, որի հետ Թուրքիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է կնքում»:
Կնքված համաձայնագիրը ամրապնդում է Աստանայի և Անկարայի միջև հարաբերությունների հատուկ բնույթը` քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում:
Բացի ռազմավարական գործընկերության համաձայնագրից երկու երկրների ղեկավարները ստորագրել են նաև մի մի շարք միջկառավարական համաձայնագրեր` գիտության և կրթության, բնապահպանության և տուրիզմի զարգացման ոլորտներում համագործակցության վերաբերյալ: