29/10/2009 12:59
Ծառուկյանը դատի կտա տեսահոլովակը տարածողներին
«Եթե ամեն ինչ իր հունով գնա, մյուս տարվանից արդեն կնկատենք 2012թ.-ին կայանալիք ընտրությունների անուղղակի ընտրապայքար: Եթե որևէ քաղաքական ուժ զգաց, որ հասարակությունը կարող է, այս կամ այն քայլին հետևելով, ձայն տալ իրեն, քաղաքական ուժերը հետամուտ կլինեն այդ քայլերին»,- այսօր նման տեսակետ հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Ուկրաինայից, և այժմ նախապատրաստվում են նոյեմբերին Ռուսաստան կատարվելիք համանման այցին:
Բացի այդ, այսօր Օլիմպիական կոմիտեի նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով Հայաստանում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարտինեզիի գլխավորած պատվիրակությունը, ով մեր երկիր է ժամանել` համատեղ մարզչական սեմինարների անցկացման նպատակով:
Ներկայացնելով ԲՀԿ առաջնորդի գործունեությունը, Խաչիկ Գալստյանը նշեց, որ անկախ ճգնաժամից` Ծառուկյանը միշտ պատրաստ է նախաձեռնել տարաբնույթ միջոցառումներ. «Բայց որպեսզի պարոն Ծառուկյանն իր տված խոստումներն ամբողջովին կատարի, պետք է ստանա ժողովրդի բացարձակ քվեն: Նա բազմիցս է դա ասել, որովհետև եթե, օրինակ, այժմ Երևանի քաղաքապետը կառավարման այլ մեթոդներ ընտրի, մեր կուսակիցները քիչ բան կարող են անել»:
Ինչ վերաբերում է վերջերս որոշ ինտերնետ կայքերում և բլոգերում տեղադրված տեսահոլովակին, որում պատկերված էր ավանակի ու առյուծի երկու ձագերի «կռիվը», և ըստ տեսանյութի մեկնաբանության` առյուծները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին էին պատկանում, ով այդպիսով զվարճացնում է իր մտերիմներին, Գալստյանն ասաց, որ նախապատրաստվում են դատական հայց նեկայացնելու:
«Մենք դեռ չենք ճշտել, թե ո՞վ է տարածել այդ հոլովակը: Ամեն դեպքում պարոն Ծառուկյանն անձամբ է հրավիրել տեսնել իր առյուծներին: Մենք հետքը չունենք, բայց եթե մեր իրավաբանները կարողանան հասցեատիրոջը գտնել, մենք փոխհատուցման գումարի հայցով մտնելու ենք դատարան, և այդ գումարը կհատկացնենք կենդանիների պաշտպանությանը»,- հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը:
Նա այդ հոլովակը որակեց որպես հայկական իրականության մեջ տեղեկատվական պատերազմի մի փոքրիկ նշույլ: