06/11/2009 14:28
Շարունակվում է ՀՀ վարչապետի այցը ԱՄՆ
Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը ԱՄՆ, որտեղ ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցում է «Արմթեք 2009» համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և մամուլի վարչությունը:
Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններից մեկը` Ստենֆորդի համալսարան: Կառավարության ղեկավարը եղել է SLAC գծային արագացուցչի կենտրոնում, շրջել է գիտական կենտրոնի մասնաճյուղերում ու լաբորատորիաներում, ինչպես նաեւ հանդիպել է Ստենֆորդի հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ:
Միության ներկայացուցիչները կառավարության ղեկավարին պատմել են կազմակերպության գործունեության, նպատակների ու խնդիրների մասին:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացմանը, ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրներին, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին ու հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հնարավոր զարգացումներին:
Տիգրան Սարգսյանը կարևորել է աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ ուսանողների մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա խորացումը:
Վարչապետը եղել է նաև «Sequoia Capitals» ընկերությունում` հանդիպել է ընկերության ղեկավարների հետ: Այնուհետև վարչապետը այցելել է «Միացյալ նահանգների վենչուրային գործընկերներ» հաստատություն, որտեղ վենչուրային ճյուղի գործարարների հետ քննարկել է Հայաստանում վենչուրային կապիտալի զարգացման հնարավորությունները:
Գործարարները նշել են, որ հատկապես վենչուրային կապիտալը Հայաստանում կարող է հաջողություններ ունենալ, որոնք ապահովելու համար անհրաժեշտ է որոշակի աշխատանք իրականացնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Էկոնոմիկայի նախարարության համակարգում ներգրավված ոլորտի պատասխանատուների վերապատրաստման կազմակերպման հնարավորությունների մասին:
Տիգրան Սարգսյանը եղել է նաև Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում, հանդիպել ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Աննա Լի Սաքսենյանի, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Այնուհետև գործադիրի ղեկավարը ելույթով ողջունել է «Հայաստանի մրցունակության օրակարգը» խորհրդաժողովի մասնակիցներին:
Տիգրան Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհում ընթացող զարգացումների, ինչպես նաև «Հայկական աշխարհի» հայեցակարգի կիրառության մասին:
«Հայկական աշխարհն ունի հատուկ համեմատական առավելություններ, որ արտահայտվում են գլոբալ մակարդակով ինքնակազմակերպման ցանցային կառուցվածքով, ինչի շնորհիվ այն կարող է կարևոր դերակատարություն ունենալ առավել բազմազան, բազմամշակութային ու բազմադիսցիպլինար ցանցերում», - ասել է ՀՀ վարչապետը: Մեր խնդիրն է բաց լինել այն նոր գիտելիքի նկատմամբ, որ մեզ հնարավորություն է տալիս մուտք գործել նշված համակարգեր ու դառնալ Հայաստանը հետինդուստրիալ հասարակություն դարձնելուն օժանդակողներ»:
Վարչապետը նշել է, որ հայկական աշխարհի հայեցակարգի դրսևորումներից մեկն էլ «Լույս» հիմնադրամի հիմնադրումն է: Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է ազգային մրցունակության խորհրդի գործունեությանը, կառուցվածքին ու խնդիրներին:
Տիգրան Սարգսյանը խոսել է նաև ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին. «Ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությունն ունի երկու հիմնական բաղկացուցիչ: Առաջինը` կարճաժամկետ ու միջնաժամկետ միջոցառումներն են, որոնք մեղմում են ճգնաժամն ու խթանում են տնտեսությունը, իսկ կառավարությունն ավելի թիրախավորված է կատարում բյուջետային ծախսերը: Ճգնաժամն առավել պարզ վեր հանեց Հայաստանի տնտեսության թույլ կողմերը, որոնց հաղթահարմանն ակտիվորեն անդրադառնում ենք: Բայց այն նաև ցույց տվեց մեր չօգտագործված ներուժը խթանելու հնարավորությունները: Այդպիսով` մեր հակաճգնաժամային ծրագրի երկրորդ բաղկացուցիչը դառնում է ապագայի մեջ ներդրումն ու համագործակցության համար հնարավորությունների ստեղծումը»:
Այնուհետև կառավարության ղեկավարը վերադարձել է Սան Հոզե, որտեղ նոյեմբերի 6-ին մենկարկելու է «Արմթեք 2009» համաժողովը: