22/01/2010 15:01
Ադրբեջանցիները 4 հազար մանաթով ազատվում են զինծառայությունից
Ադրբեջանում զինծառայությունից խուսափողը կարող է 4 հազար մանաթ կաշառք տալուց հետո հեշտությամբ ոչ պիտանի համարվել և մեկ շաբաթից 10 օրվա ընթացքում զինգրքույկի տեր դառնալ, գրում է «Ազադլըգը»:
Զինակոչի հետ կապված բացասական երևույթները վերացնելու նպատակով «Զինակոչի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, այժմ զինծառայության համար զինակոչիկների պիտանելիությունը որոշելու լիզորությունը զինկոմիսարիատներից հանվել և հանձնվել է շրջանային բժշկական հանձնաժողովներին, որոնք գործում են Պաշտպանության նախարարության մոբիլիզացիոն վարչության կազմում: Փորձագետներն այդ նորությունը մեկնաբանել են որպես «զինակոչի խնդիրների հասցեի փոփոխություն»:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում Ադրբեջանի զինված ուժերի դեմոկրատական քաղաքացիական հսկողության կենտրոնի տնօրեն Ալեքբեր Մամեդովը հայտնել է, որ զինակոչի հետ կապված բարեփոխումները միայն 2-3 անգամ մեծացրել են կաշառքի չափը: «Չնայած օրենքի փոփոխությունը հիմնավորել են արևմուտքին ինտեգրվելու ցանկությամբ, սակայն այն ծառայում է մի խումբ մարդկանց շահերին: Եթե առաջներում այդ հարցը լուծվում էր 300-700 մանաթով, այժմ այն արդեն արժե 2000-3000 մանաթ: Օրինակ, Աստարայում որոշակի հիվանդության պատրվակով զինծառայությունից խուսափելը առաջներում 1000-1500 մանաթ էր, ներկայում` 4000 մանաթ: Բաքվում դա ավելի շատ է: Աստեղ զինծառայությունից ազատվելու գործն արժե 4-10 հազար մանաթ»,- ասել է փորձագետը` նշելով, որ առանց ՊՆ պաշտոնյաների աջակցության, նման արատավոր գործողություններ չեն կարող կատարվել:
Աղդամի շրջանում ծառայող զինվոր Մուշվիգ Ալիևի ծնողները «Ազատության» թղթակցի հետ զրույցում դժգոհություն են հայտնել կառավարությունից` կատարված «բարեփոխման» համար: Նրանք ասել են, որ եթե իրենք 1500 մանաթ ունենային, այսօր էպիլեպսիայով տառապող իրենց որդին կծառայեր ոչ թե առաջնային ճակատում, այլ կբուժվեր տանը: «Մեզ օգնելու նպատակով ասացին, որ փաստաթղթերը հաստատելու համար պետք է 1500 մանաթ վճարենք: Այդքան գումար չունեինք, դե նրան էլ տարան բանակ»,- ասել են նրանք: Ներկայում Ադրբեջանում մինչև հունվարի 30-ը շարունակվում է 18-ից մինչև 35 տարեկան տղամարդկանց զորակոչը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
24/04/2024 20:04