02/02/2010 12:28
Եվրոպացիների 52 %-ը դեմ կքվեարկեր Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին
Եթե Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու հարցը որոշվեր Եվրոպայի պետությունների ազգային հանրաքվեներում, եվրոպացիների մեծամասնությունը Թուրքիային դեմ կարտահայտվեր: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, այս մասին են վկայում «Եվրոպացիների կողմից Թուրքիայի` որպես ԵՄ ապագա անդամի ընկալումը» հարցման արդյունքները:
Ուսումնասիրության համաձայն, եվրոպացիների 52 %-ը դեմ կքվեարկեր Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Եվս 41 %-ը կողմ կարտահայտվեր, իսկ 7 %-ը կդժվարանար պատասխանել: Հարցման անցկացումը համակարգվել է Մադրիդի համալսարանի, Գրենադայի համալսարանի և Բողազիչի համալսարանի /Թուրքիա/ կողմից:
Էթնոքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Բորիս Խարկովսկու կարծիքով, եվրոպացիների նման վերաբերմունքը պատահական չէ:
«Այսօրվա դրությամբ Եվրոպայի երկրներում 15 մլն-ից ավելի թուրք է ապրում, և նրանց դժվար է լավ հարևան անվանել: Թուրքերի դժկամությունը` տեղական հանրություն ինտեգրվելու և ապրելու եվրոպական օրենքներով, ի չիք է դարձնում այն գովազդային արշավը, որ Թուրքիան անցկացնում է Եվրոպայում` նպատակ ունենալով իրեն որպես քաղաքակիրթ պետություն ներկայացնել»:
Նշենք, որ Թուրքիայի` ԵՄ կազմի մեջ մտնելու վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2005 թվականին: Փորձագետների կանխատեսմամբ, երկիրը կկարողանա Եվրամիության լիիրավ անդամ դառնալ 10-15 տարիների ընթացքում: