26/02/2010 16:46
Ադրբեջանը պետք է հայությանը հատուցի առնվազն 100 միլիարդ դոլար
Նախկին ԼՂԻՄ տարածքի շուրջ ազատագրված տարածքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բաղկացուցիչ մասն են, պատկանում են Արցախի ժողովրդին և որպես ադրբեջանահայությանը տրամադրվելիք փոխհատուցում դիտարկվել չեն կարող: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքների հարցը պետք է լուծվի պետական մակարդակով, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանահայ համայնքին, մենք չենք գտնում, որ նրա անդամների վերաբնակեցումն ազատագրված տարածքներում հարցի լավագույն լուծումն է»,- ասաց նա:
Ըստ բանախոսի, ազատագրված տարածքները` որպես փոխհատուցում ներկայացնելու դեպքում, հայկական կողմն անուղղակի ձևով ճանաչում է Ադրբեջանի հավակնություններն այդ տարածքների նկատմամբ:
«Այդ տարածքները չեն պատկանում Ադրբեջանին, որ մենք խնդրենք, որ դրանք նախկին Ադրբեջանական ԽՍՀ քաղաքացիներին որպես փոխհատուցում տան»,- շեշտեց Գ. Այվազյանը:
Aysor-ի թղթակցի խնդրանքով մանրամասնելով, թե ինչ փոխհատուցում է պահանջում Ադրբեջանի վտարանդի հայ համայնքը, Գ. Այվազյանը նշեց, որ Ադրբեջանը պարտավոր է փոխհատուցել համայնքին պատճառաց ողջ վնասնը:
«Եթե գումարային չափով փոխհատուցումը հաշվառվի, թեև գումարով չի կարող ամեն ինչը փոխհատուցվել, ապա միայն բնակարանային ֆոնդի փոխհատուցումը կազմում է 70 միլիարդ դոլար: Բնականաբար, մեր համայնքը նաև բարոյական փոխհատուցման հիմնախնդիր է դնում, և այդ ամբողջը պետք է կազմի 100 միլիարդ դոլարից ոչ պակաս»,- ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը:
Ըստ բանախոսի, եթե Ադրբեջանը հրաժարվի ապահովել հայկական համայնքի վերադարձը, դրանով նա կապացուցի միջազգային հանրությանը, որ ագրեսոր է և կմերկացնի իր քարոզչության էությունը:
«Եթե ադրբեջանցին իր համար պատիվ է համարում այն, որ որտեղ հայ կա, պետք է գլխատի կամ սպանի, ապա այդ պետությունն ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ «օրինական իրավունքների» մասին կարող է խոսել հայաբնակ տարածքի նկատմամբ»,- եզրափակեց Գ. Այվազյանը: