27/03/2010 09:39
Է.Նալբանդյանը հանդիպել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Մարտի 26-ին շարունակվեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա:
Նույն օրը կայացավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսեց նեղ ձևաչափով` պատվիրակությունների ղեկավարների և ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակեց պատվիրակությունների մասնկացությամբ:
Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման, հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության և միգրացիոն քաղաքականության բնագավառներում փոխգորխակցության, իրավապահ մարմինների միջև համագործակցության ակտիվացման և մի շարք այլ հարցերը:
Նախարարները հավանության արժանացրեցին և ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 65-ամյակի առթիվ ընդունվելիք ուղերձի նախագիծը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նույն օրը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոյի հետ:
Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով իր ուկրաինացի գործընկերոջը նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ սերտ համագործակցության ակնկալիք ունի` երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:
Նախարարները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ:
Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Գրիշենկոն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների շուրջ: