
01/04/2010 14:18
Մարաղայի կոտորածի մասին պետք է անընդհատ բարձրաձայնվի
«Մարաղայում, Մարտունաշենում և Արծվաշենում տեղի ունեցածը ցեղասպանություն է, որի մասին պետք է անընդհատ բարձրաձայնվի աշխարհին»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, գրող և հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը:
«Մենք պետք է միշտ բարձրաձայնենք աշխարհով, որ մեր ցեղասպանությունը առաջինն էր 20-րդ դարում, պետք է ապացուցենք, որ Խոջալուի պատմությունը կոպիտ ֆարս է, որ Մարաղայում և Արծվաշենում տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Բայց նրանք էլ շատ լավ գիտեն դրա մասին»,- նշեց Ա.Պետրոսյանը, հայտնելով, որ որպես հայ` վիրավորված է, երբ որոշ պետություններ «ցինիկաբար» օգտագործում են Ցեղասպանության փաստը քաղաքական նպատակներում:
«Ինձ հանար խորթ է, երբ ինչ-ինչ քաղաքան շահադիտական նպատակներով կարելի է ուրիշ ժողովրդի ողբերգության վրա առևտուր անել: Աշխարհում ոչ թե Ուրուգվայը պետք է ընդուներ Հայոց ցեղասպանությունը, այլ` հրեաները: Այդ ազգի հրաշալի մտավորականներ կան, որոնք իսկապես ի սրտե ուզում են ընդունումը, ամաչում են, բայց հրեական պետությունը չի ամաչում և ցինիկ առևտրի առարկա է դարձրել: Նույն կերպ վարվում են նաև Լոնդոնում»,- նշեց բանախոսը, հավելելով, որ նույնանման կարող են օգտագործել նաև Մարաղա գյուղի ողբերգությունը:
Նշենք, որ 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում կոտորած են իրականացրել` դաժանաբար կոտորելով անպաշտպան մնացած խաղաղ բնակչությանը: Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90 բնակիչ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 37 մարդ, նրանց թվում` 21 կին և 6 երեխա:
«Ինձ զարմացնում է, թե Արցախյան գոյամարտի ֆոնի վրա ինչու՞ չի բարձրացվում նաև Նախիջևանի պատմությունը և դրա հայաթափության խնդիրը: Մի սերնդի աչքի առաջ լռիվ հայաթափվեց բոլոր պայմանագրերում ամրագրված նախիջևանահայության իրավունքները»,- նշեց հրապարակախոսը:
Ա.Պետրոսյանը հույս հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի նման անհատներ կկարողանան ուժ հաղորդել հայ ժողովրդի արդարացի պահանջին:
«Գուցե այդպիսի փառահեղ անհատների ներկայությունը շատ ավելի հզոր է, քան անդեմ «հումանիզմ» կոչվածը»,- շեշտեց նա: