08/04/2010 18:10
FIDH համաժողովը ոչինչ չի փոխի
«Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը սովորական համաժողով է, որը տարբեր երկրներում էլ կազմակերպվում է»,- խոսելով «Արդարադատություն, նոր մարտահրավերներ Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք» թեմայով Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) կազմակերպած 37–րդ համագումարի մասին` ասաց «Հելսինկյան ընկերակցության» նախագահ Միքայել Դանիելյանը:
Ըստ բանախոսի, համաժողովը, միջազգային այլ կազմակերպությունների նման ոչինչ չի կարող պարտադրել ՀՀ իշխանություններին:
«ԵԽԽՎ ընդունած բանաձևերը ոչինչ չփոխեցին Հայաստանում, թեև պարտավոր էինք կատարել բանաձևերի պահանջները, այս դեպքում էլ ի՞նչ կազմակերպությունների մասին է խոսքը»,- ասաց նա:
«Հելսինկյան ասամբլեա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ևս կարծիք հայտնեց, որ միջազգային կազմակերպությունները արմատական ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա` ասելով, որ «լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, այն իր վրա վերցրած պարտավորությունները չի կատարում»:
Ըստ բանախոսի, համաժողովից դրականն այն է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտները, իրավապաշտպան կազմակերպությունները հաջողություն գրանցեցին:
Իր հերթին Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ տեսակետ հայտնեց, որ «հայերը խնդիրները պետք է իրենք լուծեն` համառ պայքարի արդյունքում», և չպետք է հույսը դնեն այս կամ այն կազմակերպության վրա: