09/04/2010 14:15
Թուրք պատվիրակը քննադատում է Ադրբեջանի վարքագիծը
Մենք դատապարտում ենք տարածաշրջանի պետությունների որոշ կառույցների ռազմատենչ հավակնություններով սնվող թշնամանքի բոլոր ձևերն ու դրսևորումները: Սա Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի` FIDH-ի, 37-րդ համագումարի շրջանակում քիչ առաջ հայ և թուրք պատվիրակների ընդունած համատեղ հայտարարության հիմնարար կետերից է:
Սակայն, արդյոք վերը նշված տարածաշրջանի պետությունների ռազմատենչ հայտարարությունների մեջ թուրք պավիրակները ներառո՞ւմ են նաև Ադրբեջանի նմանատիպ կոչերն ու հայտարարությունները:
Համատեղ հայտարարությունը հրապարակած` Թուրքիայում գործող Մարդու իրավունքների ասոցիացիայի անդամ, այս օրերին Հայաստանում գտնվող Յավուզ Ալատասը նախ հիշեցրեց, որ 40 տարուց ավելի է` մարդու իրավունքներն է պաշտպանում, ապա հավելեց. «Եթե Ադրբեջանն էլ ռազմատենչ կոչեր ու հայտարարություններ է անում, մենք դատապարտում ենք նաև Ադրբեջանին»:
Սակայն Ալատասը նաև նշեց, որ սահմանային վեճերն ու հողային պահանջներն են հասցրել տարածաշրջանում մարդկային իրավունքների ոտնահարմանը: