14/06/2010 15:21
Արաքսի նոր թևը սրբել-տարել է Ադրբեջանի նախարարների 125 մլն մանաթը
Քուռ և Արաքս գետերի հեղեղումների դեմ պայքարելու և Արաքս գետի հունը նախկին ուղղությամբ տանելու Ադրբեջանի կառավարության նախագիծը տապալվել է: Արաքսի նոր թևը 7 օրվա ընթացքում առաջ է գնացել ընդամենը 32 կմ: Բայց դեռևս հայտնի չէ` արդյո՞ք Արաքսը կհասնի Կասպից ծով, թե ոչ: Մասնագետները կարծում են, որ գետի առաջ դուրս եկած մեծ փոսորակները խանգարում են նրա նորմալ ընթացքին, այսինքն` Արաքսի պատմական հունի ռելիեֆը հատուկ դեր է խաղում այստեղ: «Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, Արաքսի հունը փոխելու կառավարության մշակած ծրագիրն իրականում տապալվել է: Խնդիրն այն է, որ նախագծի վրա տասնյակ միլիոնավոր միջոցներ են ծախսվել, սակայն` ապարդյուն:
Սաբիրաբադում Ադրբեջանի կառավարական հանձնաժողովի անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտնի է դարձել, որ վերջին 7 տարիներին միայն Քուռ գետի գետաբերանը մաքրելու համար 1 մլրդ դոլար է ծախսվել: Այժմ իրական վիճակն այն է, որ ոչ մեկ մլրդ դոլարը կա, ոչ էլ Քռի դելտան է մաքրվել:
Դա դեռ խնդրի այլ կողմն է: «Ազադլըգ»-ի աղբյուրը հայտնել է, որ միայն Արաքսի նոր թևը բացելու և Քուռ գետի ափապատնեշման գործերի համար մինչ այժմ 125 մլն մանաթ (մոտ 156 մլն դոլար) գումար է ծախսվել: Նույնիսկ Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շերիֆովն է լրագրողներին խոստովանել է, որ միայն ափապատնեշման գործերի համար հարյուր հազարավոր տոննա քար, խիճ, ավազ և բետոնե կոնստրուկցիաներ են օգտագործվել: «Այդ ֆինանսական միջոցները վճարվել է օլիգարխների և տեղական գործադիր իշխանությունների ղեկավարների կոռուպցիոն հավաքագրումների հաշվին: Ինչպես ասում են, նրանց պարտադրել են և այդ պարտադրանքի ընդհանուր ծավալը 125 մլն մանաթ է: Իրականում այդ փողերը պետք է հատկացվեին պետական բյուջեից, բայց դրվել է պաշտոնյաների վրա: Տեղական գործադիր իշխանության ղեկավարների հետ դրանց թվում են նաև մի շարք նախարարներ ու փոխնախարարներ»: