
03/08/2010 16:14
Իսկանդարյան. Այն, ինչ կապված է Ռուսաստանի հետ
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանին ռուսական Ս-300 հրթիռային համակարգերի հնարավոր վաճառքի մասին տեղեկատվությանը, նշելով, թե դեռ շուտ է խոսել դրա արժանահավատ լինելու մասին: Բանախոսը նշեց, որ նման խոշոր ռազմական գործարքների մասին երկրները զեկուցում են միջազգային մի շարք կազմակերպություններին, իսկ մինչ այժմ նշված զինատեսակի վաճառքի մասին ոչ մի տեղ չի զեկուցվել:
Ա.Իսկանդարյանը չբացառեց, որ վաճառքի շուրջ բանակցությունները շարունակվում են, նշելով, որ նման հարցերը քննարկման երկար ժամանակ են պահանջում: «Եթե որևէ որոշում լիներ, ապա գոնե Հայաստանի ազգային կազմակերպությունները տեղեկացված կլինեին դրա մասին»,-շեշտեց նա:
«Չի կարելի համագործակցել Ադրբեջանի հետ` առանց Հայաստանի գործոնը հաշվի առնելու: Ավելի քան հիմարություն է նման գործողություններով շեղել տարածաշրջանային հավասարակշռությունը»,-ասաց փորձագետը, ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները միտված են այդ հավասարակշռության պահպանմանը:
Այդ տեսանկյունից անդրադառնալով Հայաստանում ռուսական բազայի վերաբերյալ պայմանագրի փոփոխության մասին տեղեկատվությանը, բանախոսը բնական համարեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգում նման փաստաթուղթ է հայտնվել: Ըստ փորձագետի` անհիմն են այն խոսակցությունները, թե դրանով նվազեցվում է Հայաստանի անկախությունը և իբր 49 տարուց հետո հայկական կողմը չի կարողանա խզել պայմանագիրը: «Եթե այն ժամանակ նպատակահարմար գտնեն խզել պայմանագիրը, անպայման կանեն` լինի դա հայկական կամ ռուսական կողմը»,-ընդգծեց Ա.Իսկանդարյանը:
Ըստ բանախոսի, բազայի վերաբերյալ տեղեկատվությամբ հասարակական կարծիքն է բորբոքում հիմնականում այն մամուլը, որի մեջքին կանգնած քաղաքական ուժերը «տանել չեն կարող այն ամենը, ինչ կապված է Ռուսաստանի հետ»: