18/08/2010 12:47
Իրաքի հայկական գաղութն սկսել է հայաթափվել
Հայաստանում օգոստոսի 13-17-ը տեղի ունեցավ Համահայկական 4-րդ կրթական խորհրդաժողովը, որի շրջանակներում Հայաստան էին ժամանել շուրջ 150 հայ պատվիրակներ 26 երկրներից: Հայաստանում էր նաև Իրաքի ներկայացուցիչ, իրաքահայ թեմի դպրոցի ուսումնական խորհրդի անդամ Շաքե Արծիվյանը:
Aysor-ի հետ զրույցում Շաքե Արծիվյանը նշեց, որ Իրաքում վիճակը վատթարացել է 2003թ.-ի պատերազմից հետո` անվտանգությունը, տնտեսական խնդիրները, երկրում տիրող քաոսը ազդել է նաև տեղի հայության վրա: Իրաքի հայկական գաղութը սկսել է հայաթափվել` «այժմ գաղութային կյանք չկա, միջոցառումները շատ քիչ են»:
«Մարդիկ չեն կարող մինչև ուշ գիշեր դրսում մնալ, ժամը 6-ին 7-ին տուն են վերադառնում, դրսում ապահով չէ»,- պատաճաբանեց Շ. Արծիվյանը:
2003թ.-ից հետո իրաքահայերի մեծ հոսք է եղել դեպի Հայաստան, սակայն այստեղ իրաքահայերը որոշ դժվարությունների են հանդիպել. աշխատանքի բացակայություն, ցածր աշխատավարձ և այլն:
«Սկսեցին Հայաստանը օգտագործել որպես ոտքի կոխան տեղ` Եվրոպա, Ամերիկա անցնելու համար։ Որպես իրաքցի մեզ համար դժվար է վիզա ստանալ գրեթե բոլոր երկրներից, ոչ թե որպես հայ, իրաքցի ենք, վիզա չեն տալիս: Աշխարհի համար իրաքցին անվստահելի տարր է»,- նշեց իրաքահայության ներկայացուցիչը:
Հիմա էլ Իրաքից շարունակվում է ներգաղթը Հայաստան:
Շաքե Արծիվյանը տեղեկացրեց, որ 2003թ.-ին Իրաքում ապրում էր մոտ 20 000 հայություն, իսկ հիմա` մոտ 7 000: Հայկական դպրոցները 1975թ.-ին, Սադամ Հուսեյնի օրոք պետականացվել էին և մինչև 2003թ.-ը հայկական վարժարան չկար, կար պետական վարժարան, որտեղ նախագահի հրամանով շաբաթական երկու ժամ հայերենի ուսուցման իրավունք էր տրված:
«Ահավոր անկում կրեց հայերենի մակարդակը, շատ հայեր կան Իրաքում, ովքեր հայերեն չգիտեն: Չնայած տանը հայերեն են խոսում, սակայն երիտասարդները, երբ իրար հետ են, խոսում են արաբերեն, ավելի հեշտ է արաբերենով արտահայտվել, քան հայերնով. այդ 30 տարվա դպրոցի բացակայությունը մեծ վնասներ հասցրեց հայերեն լեզվի և հայկական մշակույթի իմացության վրա»,- նշեց Շ. Արծիվյանը:
Ըստ նրա, 2003թ.-ից հետո Բաղդադում վերաբացվել է մեկ հայկական դպրոց, շրջանները ավելի ցավալի վիճակում են գտնվում: Դպրոցում սովորում են 140 աշակերտ, սակայն արտագաղթը սկսելուց հետո երեխաների թիվը գնալով պակասում է:
Այսօր իրաքահայ գաղութը կարիք ունի հայերեն լեզվի որակյալ ուսուցչի, ինչպես նաև հայերենի դասագրքերի, որոնք 20-30 տարվա են և չեն բավարարում աշակերտների ներկա պահանջները: Սպասվում է, որ Հայաստանից Իրաք արևմտահայերենի դասագրքեր են ուղարկվելու:
Շաքե Արծիվյանը խոսեց նաև գաղութում ամուսնությունների շուրջ, նշելով, որ գաղութում մեծ թիվ են կազմում խառնամուսնությունները` մեկ երրորդից ավելի: Մահմեդականների հետ քիչ են ամուսնանում, հիմնականում` քաղդեացիների, ասորիների:
«Իսկ ընդհանրապես Իրաքում հայերին հարգում են, առաջ մեզ ավելի շատ էին գնահատում, - ափսոսաց Շաքե Արծիվյանը,- այս նոր սերունդը մեզ չի ճանաչում. չգիտի թե հայ գաղութը երկրի համար ինչ է արել ժամանակին. ամենալավ ոսկերիչը, դերձակը, նկարիչը … հայերն են եղել»:
Շաքե Արծիվյանը վերջում տեղեկացրեց, որ ամուսնու հետ որոշել են փոխադրվել Հայաստան և բնակվել հայրենիքում:
Հիշեցնենք, որ այժմ Հայաստանում բնակվող իրաքահայ փախստականները հիմնականում կենտրոնացած են Արարատի մարզի Դարբնիկ գյուղում: