24/08/2010 10:08
Տեղի կունենա Ախալցխայի մասին գրքի շնորհանդեսը
Օգոստոսի 27-ին, ժամը 16:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա մանկավարժ Լյուբա Մաթևոսյանի «Эти удивительные армяне из Ахалциха» գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնեցին Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնից:
Գրքում ներկայացված է Ախալցխայի հիմնադրման պատմությունը, քաղաքի եկեղեցիները, դպրոցները, թատրոնները, արհեստները, ոլորտի հայտնի մարդկանց: Գրքի ինֆորմացիան տեքստերի հետ միասին ամբողջանում է հետաքրքիր լուսանկարներով:
Լինելով Սամցխե Ջավախքի կենտրոնը` Ախալցխան մեծ դեր է խաղացել Վրաստանի և Հայաստանի մշակութային, սոցիալ քաղաքական կյանքում: Ըստ հեղինակի, գրքում ներկայացված անհատներից յուրաքանչյուրի մասին կարելի է մի առանձին գիրք գիրք գրել:
Եկեղեցիների բաժնում ներկայացված է Սուրբ Փրկիչը, որը դարձրել են Սպայի տուն, Սուրբ Ստեփանոսը, Սուրբ Նշանը, Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Աստվածածինը: Այստեղ թվարկված են 1830-ական թվականների Ախալցխայի երևելի հոգևորականների անունները, որոնցից են արքեպիսկոպոսներ Գևորգ Տեր Դավթյանը, Կարապետ Բագրատունին, Գրիգոր Սաղինյանը, Սուքիաս Փարզյանը, Խորեն Ստեփանեն, Հովհաննես Շիրակունին և ուրիշներ:
Դպրոցներից ներկայացված են Կարապետյանների դպրոցը, Հովհ.Թումանյանի անվան Ախալցխայի հայկական թիվ 3 դպրոցը: Այս բաժնում Լ.Մաթևոսյանը համառոտ ներկայացրել է Ախալցխայի հայկական դպրոցի զարգացման տարբեր շրջանները, անվանի մանկավարժներին և շրջանավարտներին:
Թատրոնի մասին խոսելիս հեղինակը գրում է, որ 1866թ. Կարապետյան դպրոցում ստեղծվել է թատերական խմբակ, որը կարճ ժամանակում իրականացրել է մի քանի բեմադրություններ, թատերական աշխարհում այստեղ հայտնի անուններ են Պետրոս Ադամյանը, Ալեքսանդր Ղազարյանը, Միհրդատ Ամրիկյանը: Ախալցխայի թատրոնի շենքը կառուցվել է բարեգործ վաճառական Հովհաննես Բուդուղյանի միջոցներով: Այստեղ ելույթ են ունեցել Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը, Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը, Դավիթ Մալյանը և ուրիշներ:
Լյուբա Մաթևոսյանը գրում է, որ 1936թ. ծաղկում է ապրում թատերարվեստը, գեղարվեստական ղեկավարն այդ ժամանակ Արամ Աղաջանյանն էր` Կարմենը: 1939թ. հանդիսավոր կերպով նշվել է թատրոնի 65-ամյակը:
Ըստ հեղինակի ուսումնասիրությունների, 19-րդ դարի վերջին Ախալցխան դարձել է Կովկասի արհեստագործական խոշոր կենտրոն: Նա նշում է, որ Կարապետ Բագրատունու արխիվների համաձայն, հայկական համքարությունները մեծ դեր են ունեցել քաղաքի տնտեսական կյանքում: Այստեղից նաև կարելի է պատկերացում կազմել ժամանակի մասնագիտությունների մասին: Մեծ համբավ ունեին հատկապես հայ ոսկերիչները, արծաթագործները, զինագործները:
Գրքում ներկայացված են ախալցխացի ավելի քան 200 անհատներ, որոնք հասարակական-քաղաքական, մշակութային, գրական, զինվորական գործիչներ են, ստեղծել են մնայուն արժեքներ, կատարել ազգանվեր գործեր: Նրանցից են գեներալ Սիմոն Ավագյան, քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյան, բժիշկ, Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից Վահան Աղաջանյան, արվեստագետներ Շարլ Ազնավուր, Կարպ Խաչվանքյան, Վարդգես Սուրենյանց, Միքայել Ազնավուրյան, Աղասի Այվազյան, Գագիկ Գինոսյան, Արտութ Մեսչյան և այլն:
Լ.Մաթևոսյանը գտնում է, որ Ախալցխայի պատմությունն ու մշակույթը դեռ կարոտ են համակողմանի մասնագիտական, հնագիտական և մշակութաբանական ուսումնասիրության: Ուշագրավ են ձեռագիր հուշարձանները, քաղաքի կենցաղին և տնտեսությանը վերաբերող արխիվային նյութերը, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Հայաստանի պետական արխիվներում, անձնական հավաքածուներում:
«Լինելով 45 տարվա մանկավարժ, որից 25 տարին` դպրոցի տնօրեն` ես ամեն օր ծանոթանում էի դպրոց ընդունվող երեխաների հետ, հետաքրքրվում, թե նրանց ծնողներն արմատներով որտեղից են, ինչով են զբաղվել, ինչ հետք են թողել իրենցից հետո: Այս հարցերի պատասխանները գտնելը ավելի արդիական դարձավ վերջին 10-ամյակում, երբ գնալով աճում է արտագաղթը»,- գրել է հեղինակը:
Գիրքն ունի տեղեկատվական, պատմամշակութային արժեք, այն խիստ արդիական է հատկապես մեր օրերում, երբ վրացիները փորձում են իրենց վերագրել հայկական շատ հուշարձաններ, բնակավայրեր: