03/09/2010 13:29
Հայաստանում «տարօրինակ փաստ» են պեղել
Սյունիքի մարզի Անգեղակոթի ավանի վարչական տարածքում գտնվող Ներքին Գոդեձոր հուշարձնից պեղվել են մեծաքանակ ներմուծված գունազարդ խեցեղենի բեկորներ, որը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, արշավախմբի ղեկավար Պավել Ավետիսյանը բնորոշեց որպես «տարօրինակ փաստ», քանի որ Արաքսից հյուսիս ընկած տարածքներում բնակվող հասարակությունները երբեք գունազարդ խեցեղեն չեն պատրաստել, այստեղ հիմնականում պատարստել են սև, միագույն խեցեղեն` հարդախառն:
«Պարզվեց, որ Հայաստանում ունենք հուշարձան, որտեղ գունավոր խեցեղեն կա, բայց` ակնհայտորեն ներմուծված»,- շեշտեց Պ. Ավետիսյանը և պարզաբանեց, որ գունավոր խեցեղենի հայրենիքը Ուրմիա լճի` Պարսկահայքում գտնվող հուշարձաններին է բնորոշ:
Ըստ բանախոսի, նախնական վարկածն այն էր, որ այդ իրերը առևտրական հարաբերությունների արդյունք են, սակայն հետագայում ուսումնասիրելով հնավայրի ոսկրաբանական նյութը, պարզվել է, որ հնավայրում մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր կենդանիների դեֆորմացված ոսկորներ կան:
«Մասնագետները միանշանակ այն կարծքին են, որ այդ ոսկորները դեֆորմացվել են ոչ թե հերկելու աշխատանքների ժամանակ, այլ երկար ճանապարհ են անցել և որպես գրաստ են օգտագործվել»,- նշեց Պ. Ավետիսյանը և հավելեց, որ դա թույլ է տալիս ենթադրելու, որ տեղի ապրողները երկար ճանապարհ են կտրել և որպես գրաստ օգտագործել են խոշոր եղջերավոր կենդանիներ. ձմռանը բնակվել են Ուրմիա լճի տարածքում, իսկ ամռանը` տեղափոխվել հյուսիս: