03/09/2010 14:59
«Որտեղ ավարտվում է Արենի 1 քարայրը, սկսում է Ներքին Գոդեձորը»
Այսօր ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, խոսելով Սյունիքի մարզի Նեքին Գոդեձոր հնավայրի պեղումների շուրջ, լրագրողներին հայտնեց, որ հնավայրից հայտնաբերվել են զմուռսներ:
Բանխոսն ընդգծեց, որ առաջին անգամ Հայկական լեռնաշխարհի այս հատվածներում` Արաքսից հյուսիս ընկած տարածքներում, հայտնաբերվել են զմուռսներ, որը նշանակում էր, որ մարդը արդեն կնքում էր ինչ-որ մի բան, այն է ` փաստում էր իր սեփականությունը:
Պ. Ավետիսյանը հիշեցրեց, որ խոսքը գնում է Ք. ա. 3 600- 3 400-ական թվականների շրջանի մասին և հավելեց, որ մինչ այդ Հայկական լեռնաշխարհի այդ հատվածում այդ ժամանակահատվածի մասին վկայող որևէ հնավայր չէր պեղվել:
«Այս հնավայրը գալիս է լրացնելու մի հսկայական ժամանակաշրջան` պղնձե քարի դարի ավարտական փուլի հատվածը»,- շեշտեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը և, զուգահեռներ անցկացնելով Վայոց ձորի մարզի Արենիի քարայրի հնավայրի հետ, շեշտեց, որ այդ հուշարձանի վերին շերտերը նույնպես վերաբերում են պղնձեքարեդարյան ժամանակներին:
«Այնտեղ, որտեղ ավարտվում է Արենի 1 քարայրը, սկսում է Ներքին Գոդեձորը»,- հաղորդեց բանախոսը և փաստեց` այդ երկու հուշարձանների օգնությամբ մենք շարունակական մեկ պատկեր ենք ստանում 5-րդ հազարամյակի վերջից մինչև 4-րդ հազարամյակի կեսն ընկած ժամանակահատվածի համար: