09/09/2010 17:36
«ԳեոՊրոՄայնինգ»-ը ընդլայնում է իր գործունեությունը
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու վերամշակման գործարանը, նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը:
Ինչպես այսօր լրագորղներին տեղեկացրեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների նախագահ Ռոման Խուդոլիյը, նախատեսվում է 200 մլն դոլար ներդրում կատարել, որի արդյունքում էապես կմեծացվի Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման մակերեսը և կներդրվեն նոր տեխնոլոգիաներ: Նշենք, որ արդեն ձեռք են բերվել 45 տոննա հզորությամբ 10 ինքնաթափեր, մի քանի բուլդոզերներ, բեռնիչներ և հորատող մեքենա:
Սոթքի հանքավայրում սկսել է աշխատել նաև Հայաստանում հանքարդյունաբերության պատմության մեջ առաջին ամերիկյան հիդրավլիկ էքսկավատորը: Մինչև տարեվերջ ընկերության տեխնիկական զինանոցը կրկին կհամալրվի:
Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայում ներդրվելու է ալբիոն ինովացիոն տեխնոլոգիա, որի նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են: Կատարվում է նաև Արարատի վերակառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը:
«Հանքավայրն այստեղ շատ բարդ է, հանքաքարը` շատ ամուր: Արարատում ոսկու վերամշակման տեխնոլոգիան հնացած է, հարկավոր է նոր տեխնոլոգիա: 2009-ին սկսել ենք աշխատանքները, երկու միջազգային կազմակերպությունների հետ պայմանագիր ենք կնքել և ձեռք բերել աշխարհում նորագույն տեխնոլոգիան` ալբիոնը, որը թույլ կտա մշակել այստեղ եղած բոլոր տեսակի հանքաքարերը»,- ասաց Ռ. Խուդոլիյը:
Նա տեղեկացրեց նաև, որ շուտով բացի հանքաքարի բաց արդյունահանումից` իրականացվելու է նաև փակ արդյունահանում:
Խոսելով արդյունահանվող ոսկու ծավալների մասին` նա նշեց, որ այս տարի այն կկազմի 25 հազար ունցիա ոսկի. «Ծրագրում ենք ալբիոնի անցումից հետո ոսկին հասցնել 150 հազար ունցիայի»:
Ինչպես Aysor-ին հայտնեց հանքավայրի աշխատակիցներից մեկը, հանքավայրում աշխատում է շուրջ 350-400 բանվոր, նրանց աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ և ավելի: Aysor-ի այն հարցին, թե 1 տոննա հանքաքարից որքա՞ն ոսկի է ստացվում, նա պատասխանեց, որ նվազագույնը` Սոթքի հանքավայրից` կորզվում է 2.16 գրամ ոսկի:
Նշենք, որ նվազագույն քանակը, որի դեպքում արժե շահագործել հանքը 0.8 գրամ է: