06/10/2010 15:09
Պատերազմի դեպքում Մինսկը կօգնի Երևանին` ըստ ՀԱՊԿ ընթացակարգի
Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Բելառուսը կմասնակցի ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնության տրամադրելու վերաբերյալ որոշման կայացմանը` ըստ այդ կազմակերպության ընթացակարգի, այսօր ասուլիսի ժամամակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխարենկոն, պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, թե լինելով Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության անդամ, ինչպիսի դիրքորոշում կցուցաբերի Բելառուսը` Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Հայաստանին սպառնացող վտանգի կամ ՀՀ տարածք ներխուժման դեպքում:
«Որոշումն այդ դեպքում ոչ միայն Բելառուսինն է լինելու: Այդ պարագաներում ՀԱՊԿ-ն ունի ընթացակարգ, ըստ որի կազմակերպության անդամ պետությունների նախագահների Խորհուրդը հավաքվում և միասնական որոշում է կայացնում: Կարծում եմ, որ Բելառուսն էլ կմասնակցի այդ որոշման կայացմանը»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով Գյումրիում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ ռուս-հայկական համաձայնագրի ստորագրմանը` դեսպան Սուխարենկոն ասաց, որ ստորագրված փաստաթուղթը «երկու երկրների գործն է»: