13/10/2010 10:10
Հ.Աբրահամյանը պարգևատրվեց Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գլխավորած պատվիրակությունը նախօրեին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով Հունաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար` նշեց, որ Հայաստանը և Հունաստանը ավանդական բարեկամ երկրներ են և մեր ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգևոր և մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: Հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման և խորացման առումով Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ դեր վերապահեց օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը և հետագա ընդլայնմանը: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև տարբեր մակարդակներով երկկողմ այցերի ակտիվացումը` ապահովելով դրանց շարունակական բնույթը:
ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը, ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես, Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով: Կարևոր համարելով եվրաինտեգրման գործընթացում Հունաստանի փորձը, Հովիկ Աբրահամյանը առաջարկեց քննարկել նաև փորձի փոխանակման հնարավորությունները Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Հունաստանի խորհրդարանի կողմից 1996 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար:
Հունաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց իր հրավերը ընդունելու և Հունաստան այցելելու համար և համոզմունք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի այցը կնպաստի երկու երկրների և խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանը: Նա կարևորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը և բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացումը: Նրա համոզմամբ` երկու երկրների ավանդական բարեկամությանը մեծապես նպաստում է համայնքների գոյությունը և Հունաստանում, և Հայաստանում:
Պարոն Պետսալնիկոսը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերն ուղղված Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը և ողջունեց Հայաստան-Եվրամիություն բանակցությունների ընթացքը: Նա նշեց, որ Հունաստանը մշտապես Հայաստանի կողքին է և ամեն ինչ կանի Հայաստանին օժանդակելու եվրաինտեգրման գործընթացում:
Կողմերը կարևորեցին համագործակցությունը միջազգային կառույցներում երկկողմ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:
Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը իր հույն գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան: Հրավերը սիրով ընդունվեց:
Հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների նախագահները մամուլի համար հանդես եկան հայտարարությամբ: Ֆիլիպոս Պետսալնիկոսը Հովիկ Աբրահամյանին պարգևատրեց Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով:
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԺ պատվիրակությունը Նեա Զմիրնիում ծաղկեպսակ և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողին: