14/10/2010 13:22
Գրիգորի Այվազյանը Բաքվից պաշտոնական պատասխան է սպասում
Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով այդ երկրի ԿԸՀ-ին ուղղված «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանին սատարող նախաձեռնող խմբի դիմումն արդեն տեղ է հասել, այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց անձամբ Գրիգորի Այվազյանը` հղելով «Հայփոստում» իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ ադրբեջանահայերի նախաձեռնող խումբը պաշտոնական դիմում էր հղել Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Գրիգորի Այվազյանի, որպես ադրբեջանահայ փախստական, մասնակցելու համար:
Ըստ Գ.Այվազյանի` դիմումը Վիեննայից Բաքու է հասել տարանցիկ ճանապարհով: Բանախոսն ասաց, որ սպասում է Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, իսկ Ադրբեջանի այն հայտարարությունը, թե դիմում իրենք չեն ստացել, ապատեղեկատվություն է:
«Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահը հայտարարեց, որ եթե իրեն այս անգամ էլ չգրանցեն, Ադրբեջնը ողջ աշխարհի առջեւ հերթական անգամ խայտառակ կլինի:
«Ադրբեջանը կխայտառակվի նույնկերպ, ինչ և հայ հովվի գերեվարման և սպանության դեպքում», - շեշտեց նա:
Գ.Այվազյանը հայտարարեց, որ գրանցվելու դեպքում պատրաստվում է ակտիվ նախընտրական քարոզարշավ իրականացնել: Ըստ բանախոսի` ողջ աշխարհում սփռված մեկ միլիոնանոց ադրբեջանահայ փախստականներն իր պոտենցիալ ընտրողներն են, և աշխարհի տարբեր հատվածներում նրանց համար ընտրատեղամասեր պետք է բացվեն:
Գրիգորի Այվազյանը նաև կրկին անգամ հիշեցրեց ադրբեջանական իշխանություններին, որ, ըստ սահմանադրության` Ադրբեջանի քաղաքացի է համարվույմ այն անձը, ով ծնվել է այդ երկրում: