20/10/2010 12:37
Մեդվեդևը պարգևատրել է «Պատվի գործ» կազմակերպության նախագահին
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: Ինչպես նշված է հրամանագրում, շքանշանն Ա. Նիկողոսյանին շնորհված է «Ռուսաստանի հետ մշակութային կապերի, ինչպես նաև արտերկրում ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի տարածման գործում ներդրած մեծ ավանդի համար»: Այս մասին հայտնեց Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Ա. Նիկողոսյանը նշանակվեց Գյումրիում Պատվո Բլրի բարեկարգման հարցերով հանձնաժողովի նախագահ անցյալ տարվա վերջին: Պատվո Բլուրը զինվորական գերեզմանատուն է, որտեղ հողին են հանձնված 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում Կարս քաղաքի գրավման ընթացքում զոհված ռուս սպաների աճյունները:
Խորհրդային տարիներին Պատվո Բլուրը հավասարեցվեց հողին, և միայն 2009-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ որոշում ընդունվեց այն վերականգնելու մասին: Վերականգնման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվեց «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը:
Պատվո Բլրի բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 20-ին` Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ: