27/10/2010 13:47
Ձերբակալվել է Bredolab հակերային խմբի անդամ Գեորգի Ավանեսովը
Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել Bredolab հակերային խմբի անդամ, ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Գեորգի Ավանեսովին:
Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանությունը, նա ս/թ հոկտեմբերի 1-ից Ինտերպոլի ուղիներով Հոլանդիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Նիդեռլանդների Թագավորության քրեական օրենսգրքի 138ա, 138բ, 139դ, 350ա և 420 հոդվածների (կազմակերպված հանցավոր խմբավորման անդամակցելը, կիբերհանցավորություն, փողերի լվացում) մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:
Գ. Ավանեսովը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` հետախուզման նախաձեռնողին տեղեկացնելու համար:
Նշենք, որ Bredolab-ը, ըստ ԶԼՄ-ների, վարակել է աշխարհում ավելի քան 30 մլն համակարգիչ: