02/11/2010 14:34
Կ. Ավագյան. Հայկական կողմը կներկայացնի իր առաջարկները ՆԱՏՕ-ի ԽՎ
«Հայկական կողմն իր առաջարկություններն է պատրաստում: Ցանկանում եմ ներկայացնել հատկապես բանաձևի երկրորդ կետի հետ կապված առաջարկությունները, որտեղ «օկուպացված տարածքներ» անվանումը կա: Այս ձևակերպումը ենթակա է փոփոխման և մենք դրա վերաբերյալ արդեն իսկ համապատասխան առաջարկություններ ենք մշակում: Առաջարկներ են ներկայացվել նաև բանաձևում որոշ տեխնիկական շտկումների վերաբերյալ»,- Aysor.am-ի խնդրանքով, անդրադառնալով ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստի շրջանակներում քննարկվելիք «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ» բանաձևի նախագծին՝ ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը:
Կ.Ավագյանը խորհուրդ տվեց հատկապես ուշադրություն դարձնել բանաձևի 5, 6-րդ կետերին, որում կոչ է արվում աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու համար պատասխանատու միջազգային մարմին, և հղում անելով Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին՝ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը:
«Սա այն է, ինչը հայկական կողմը բազմիցս տարբեր ամբիոներից է հնչեցրել», - ընդգծեց խորհրդարանականը:
Պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նշյալ բանաձևի ընդունումը՝ Կարեն Ավագյանն ասաց. «Ընդհանրապես խորհրդարանական վեհաժողովի բանաձևերը՝ դրանք խորհրդատվական բնույթի բանաձևեր են և պարտադիր կատարման ուժ չունեն, ավելի պարզ ասած, դրանք խորհրդատվական բնույթի բանաձևեր են»:
Հիշեցման կարգով ներկայացնում ենք նոյեմբերի 12-16-ը ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստում շրջանակներում քննարկվելիք «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ» բանաձևի նախագիծը.
Վեհաժողովը`
1. վերահաստատելով իր անսասան հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը,
2. ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությունն ու նախկին ինքնավար մարզի հարակից յոթ շրջանների օկուպացիան տարածաշրջանի ժողովրդին մեծ տառապանքներ են պատճառել,
3. համոզված, որ հակամարտության խաղաղ լուծումը մեծապես կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կընդլայնի էական տնտեսական զարգացման հեռանկարները,
4. նշելով, որ իրավիճակը փոփոխական է և մտահոգված, որ ուժի ցանկացած կիրառում ոչ միայն կվտանգի հարատև լուծման հասնելու ջանքերը, այլև Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի կայունության համար հակառակ հետևանքներ կունենա`
5. կոչ է անում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կառավարություններին և խորհրդարաններին`
ա. աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին որպես Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու համար պատասխանատու միջազգային մարմին,
բ. աջակցել հակամարտության կողմերին խաղաղ լուծում գտնելու հարցում,
6. կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին ու խորհրդարաններին`
աշխատել Մինսկի խմբի հետ հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար, որը հիմնված կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտում պարունակվող սկզբունքների վրա, ի մասնավորի, այն սկզբունքների, որոնք վերաբերում են ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը: