17/11/2010 14:53
Կրկնապատկվել է դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների քանակը
2010 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 487, 9 հազար զբոսաշրջիկ` 15,6 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա այդ ժամանակահատվածում, այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Ըստ նրա` տարեվերջին Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը առաջին անգամ կգերազանցի 600 հազարը։
Նշելով, որ ըստ զբոսաշրջության զարգացման հայեցակարգի՝ Հայաստանը 2030 թ. կհասնի մինչև 3 միլիոն զբոսաշրջային այցելության, Մ.Ապրեսյանը համոզմունք հայտնեց, որ «ներկա դինամիկայի պահպանման դեպքում այդ մակարդակը շատ ավելի վաղ կնվաճվի»:
Վարչության պետը տեղեկացրեց, որ, ըստ վիճակագրության` Հայաստան ամենաշատը այցելում են Ռուսաստանից ու Վրաստանից:
«Շատ են այցելուները նաև Եվրամիությունից և ԱՄՆ-ից։ Վերջին շրջանում շատ են այցելում Իրանից»,- հավելեց բանապոսը, նշելով, որ միայն այս տարվա 9 ամսում Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների քանակը կրկնապատկվել է։
Ըստ Մ.Ապրեսյանի` զբոսաշրջիկներ են Հայաստան այցելողների ընդհանուր թվի գրեթե 40 տոկոսը: Նա նաև նշեց, որ այսօր դեռ դժվար է ասել, թե զբոսաշրջությունից որքան գումար է փոխանցվել պետբյուջե: