23/11/2010 11:07
"Ъ". Լուկաշենկոն հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ
Երեկ երեկոյան Մինսկ է ժամանել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:. Պաշտոնապես այցի նպատակը երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների համատեղ նիստին մասնակցելն է: Սակայն, փորձագետների կարծիքով` Լավրովի այցն Ալեքսանդր Լուկաշենկոյին «Մոսկվայի վերջին նախազգուշացումն է», քանի որ Բելառուսի նախագահը «հրճվանքի մեջ է Եվրամիության հետ շփումներից», և նույնիսկ, ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի` հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին:
Երեկ բելառուսական նախագահի մամուլի խոսնակ Պավել Լեգկիյը «Կոմերսանտին» հայտարարել է, թե «Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումը նախատեսված չէ»:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի այցի անտեսելու որոշումը բելառուսական ղեկավարի հստակորեն ցուցադրական ժեստ է, քանի որ մինչ օրս Բելառուսի նախագահը մշտապես հանդիպել է անգամ Մինսկ ժամանող ռուսական մարզպետների հետ», - գրում է թերթը:
Միզեսի անվան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Յարոսլավ Ռոմանչուկը, «Կոմերսանտին» ասել է, որ նման վարքագիծը կարող է Լուկաշենկոյի «քթից դուրս գալ»: Ըստ փորձագետի` Սերգեյ Լավրովի այցը` «Մոսկվայի վերջին զգուշացումն է Մինսկին»:
Նշենք, որ մեկ ամսից Բելառուսում նախագահական ընտրություններ են: