27/11/2010 14:13
Օտարերկրյա ուղղակի ներդրումները կքննարկվեն Ազգային կոնֆերանսում
Նոյեմբերի 30-ին Երևանում տեղի կունենա «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» թեմայով ազգային կոնֆերանս: Այն կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը` Մենեջմենտ Միքս և Էկորիս, Հետազոտություն և Խորհրդատվություն ընկերությունների հետ համատեղ:
Ինչպես Aysor.am-ին հայտնեց ԶՀԳ Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մերի Մելիքյանը, կոնֆերանսի նպատակն է հրավիրել Հայաստանում ներդրումներ իրականացրած ընկերություններին, ովքեր կխոսեն իրենց հաջողությունների մասին:
«Կոնֆերանսը հնարավորություն կտա ներդրողներին խոսել իրենց պրոբլեմների և մարտահրավերների մասին և կփորձի լուծումներ գտնել կառավարության պաշտոնյաների հետ մեկտեղ»,- ասաց Մ. Մելիքյանը:
Նա տեղեկացրեց, որ կոնֆերանսի ժամանակ կքննարկվեն Հայաստանի ներդրումային միջավայրը և պետական, մասնավոր ու դոնոր հաստատությունների դերն` այն բարելավելու համար, կներկայացվեն Հայաստանում ներդրումների «հաջողված պատմություններ»:
Կոնֆերանսին ներկա կլինեն Հայաստանում օտարերկրյա ներդրումներ իրականացնողներ, ինչպես նաև հայ գործարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ գործադիր և օրենսդիր մարմիններից: