01/12/2010 15:41
Ադրբեջանում հայատյացության քարոզչությունը տալիս է իր «պտուղները»
Ադրբեջանում հայատյացության քարոզչությունը, ավտորիտար համակարգի ամրապնդումը բնակչության շրջանում իր ազդեցությունն է թողնում: Այս մասին Aysor.am-ին հայտնեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հայաստանյան տնօրեն Հեղինե Մանասյանը:
Կենտրոնը 2009 թ. աշնանը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում միաժամանակյա հետազոտություն է անցկացրել` Հարավային Կովկասի երկրներում սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների վերաբերյալ:
«Ազգերի միջև հարաբերությունների սառեցումը միմյանց նկատմամբ ավելի ընդգծված է այս տարի: Ավանդական հարց է` բիզնես կամ ընկերություն կանեի՞ք արդյոք` և թվարկվում է մի շարք ազգեր: Հայերի 30 %-ն ասել է, որ ընկերություն կաներ ադրբեջանցիների հետ, իսկ ադրբեջանցիների միայն 1 %-ն է հավանություն տվել հայերի հետ ընկերություն անելուն»,- ասաց Հ. Մանասյանը, հավելելով, որ նախորդ տարիներին «ընկերասեր ադրբեջանցիների» քանակը քիչ ավելի բարձր էր:
Միաժամանակ, նա ընդգծեց, որ դժվար է դատել` սա իրակա՞ն պատկերն է, թե՞ մարդիկ «վախվորած» են պատասխանում:
Հ. Մանասյանը տեղեկացրեց, որ նախորդ տարիների համեմատ ավելի ընդգծված է Հայաստանի` ռուսամետ, Վրաստանի` ամերիկամետ, և Ադրբեջանի` թուրքամետ կողմնորոշումը: