02/12/2010 17:44
Դ. Բաբայան. Ալիևն այլ ելք չուներ, քան հանդիպումից խուսափելը
«Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի և ՌԴ նախագահների հետ հանդիպումից խուսափելը ցույց է տալիս, որ ադրբեջանական դիվանագիտությունը հայտնվել է ծանր վիճակում»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ և ՌԴ նախագահների հետ հանդիպումից խույս տալուն՝ Aysor-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով՝ բանն այն է, որ Ալիևի կողմից կատարվող քայլերը, հնչող հայտարարությունները, խոսքի և գործի անհամապատասխանությունն, ի վերջո, բերում է կոնկրետ զարգացումների:
«Դա վերաբերում է ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ կապված գործընթացին, այլ նույն Թուրքիա-Ադրբեջան, Ադրբեջան-ԱՄՆ, Ադրբեջան-ՌԴ զարգացումներին: Ի վերջո, WikiLeaks-ի վերջին գաղտնազերծումներն Ալիևին դժվարին կացության մեջ էին դրել, և Ադրբեջանի նախագահը այլ ելք չուներ»,- նշեց ԼՂՀ պաշտոնյան: