20/01/2011 11:33
Լույս է տեսել Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի կենսամատենագիտությունը
Լույս է տեսել Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի կենսամատենագիտությունը, որը նվիրված է մտավորականի 70-ամյակին: Գիրքը հրատարակվել է «Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյան» մատենաշարով` ԳԱԱ Պատմության ինստիտուտում:
Նշանավոր հոգևորական, հասարակական գործիչ Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի կենսամատենագիտությունն ընդգրկում է նրա հեղինակած, խմբագրած, հովանավորած գրքերի, իր մասին մամուլում տպագրված հոդվածների մատենագիտական ցանկը` հայերեն և օտար լեզուներով:
Գիրքը հնարավորություն է տալիս ծանոթանալու Մ.Արք.Աշճյանի բեղուն գործունեությանը: Նյութերը գրքում դասավորված են ենթաբաժիններով, այբբենական կարգով:
Նյութերն ամփոփված են «Պատառիկներ Մեսրոպ Արք.Աշճյանի մտքերից», «Խոսքեր` ուղղված Մեսրոպ Արք.Աշճյանին», «Մեսրոպ Արք.Աշճյանը թարգմանիչ», «Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի հովանավորած տեսաֆիլմերը», «Ուխտագնացություններ», «Վանքերի վերանորոգում և եկեղեցիների օծում», «Պսակադրություններ և մկրտություններ» և այլ վերնագրերի ներքո, որոնք ամբողջացնում են բարերար-հոգևորական-մտավորականի կերպարը:
Գրքի առաջաբանը գրել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Առաջաբանում Դ.Սարգսյանը խորհրդանշական է համարում այն, որ Մ.Արք. Աշճյանի անձնական նախաձեռնությամբ այսօր նոր կերպարանք և իմաստավորում է ստացել Մուղնու Սուրբ Գևորգ վանքը:
Հարկ է նշել, որ կենսամատենագիտությունում ներկայացված են 29 հայերեն և օտարալեզու գրքեր, որոնք կազմել, մեծ մասը` նաև խմբագրել է Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանը: