28/01/2011 14:29
ՀԱԿ-ը փետրվարին սկսում է հանրահավաքների շարքը
Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է փետրվարի 18-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` նշելով, որ Երևանի քաղաքապետարան դիմում-իրազեկում դեռ չի ներկայացվել: Ի պատասխան լրագրոցների հարցին, թե քաղաքապետարանի մերժման դեպքում ՀԱԿ-ն ի՞նչ է պատրաստվում անել, բանախոսն ասաց, որ «անելիք քայլերը ցույց կտա պահը»:
Կոնգրեսի ներկայացուցիչը հայտարարեց, որ փետրվարի 18-ի հանրահավաքով կմեկնարկի ՀԱԿ-ի հանրահավաքների այս տարվա շարքը: Ըստ բանախոսի` հանրահավաք, որի ժամանակ կխոսվեն ժողովրդին հուզող խնդիրների մասին, ինչպես նաև անդրադարձ կլինի նաև Կոնգրեսի հետագա անելիքներին:
«Դուք բոլորդ ականատես եք, թե ինչպես է երկրում սրվել սոցիալական վիճակը, ժողովուրդը ծանր սոցիալական վիճակի մեջ է հայտնվել, իշխանությունը չի կարողանում ապահովել բյուջեի համար անհրաժեշտ մուտքերը: Այս իրավիճակը նման է պատերազմական տարիների իրավիճակին, հասունանում է ժողովրդի ընդվզումը սոցիալական հողի վրա», - հայտարարեց նա:
Քաղաքական գործչի խոսքով` այսօր իշխանությունները չեն կարող ձերբազատվել օլիգարխիայի ազդեցությունից, և ներկա իրավիճակից դուրս գալու միակ ելքն արմատական փոփոխություններն են:
Լ.Զուրաբյանը նաև տեղեկացրեց, որ ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հայտարարություն է նախապատրաստում, որը կհրապարակվի այսօր կամ վաղը: