
02/02/2011 10:01
Էդվարդ Սանդոյան. «Մեր միակ ռեսուրսը Սփյուռքն է»
Համաշխարհային տնտեսական զարգացումների և դրանց լույսի ներքո հայաստանյան իրականության շուրջ Aysor.am-ը զրուցել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ:
- Պրն Սանդոյան, այսօր ինչպե՞ս եք գնահատում համաշխարհային տնտեսության զարգացումները:
- Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում, մասնավորապես գլոբալ ֆինանսական շուկայում, տեղի ունեցան այնպիսի գլոբալիզացիոն զարգացումներ, որոնք որակապես փոխեցին շուկան և առաջացել է կարգավորման արմատական բարեփոխումների անհրաժեշտություն: Ֆինանսական շուկան վերջին տարիներին շատ ավելի արագ տեմպերով սկսեց զարգանալ, քան համաշխարհային տնտեսությունը, մասնավորապես նաև այնպիսի գործիքների ծավալների առումով, որոնք նոր ռիսկեր բերեցին համաշխարհային շուկա: Այսպես կոչված` ածանցյալների ծավալները 2007 թ. վերջին` մինչև ճգնաճամը, կազմում էին շուրջ 500-600 տրլն դոլար, որը մոտ 10 անգամ գերազանցում է համաշխարհային ՀՆԱ ծավալները, իսկ արտարժույթի սպեկուլյատիվ Ֆորեքս շուկայում վերջին տարիներին առքուվաճառքի ծավալներն օրական հասնում էին 4 տրլն դոլարի: Սրանք սարսափելի ցուցանիշներ են, որոնք ցույց են տալիս, որ այս ֆինանսական հոսքերը վաղուց կտրվել են իրական տնտեսությունից և չեն հանդիսանում տնտեսության ֆինանսավորման գործիքներ, այլ ներքին ֆինանսական շուկայի սպեկուլյատիվ գործիքներ են: Դրանց հավելած ֆյուչերսների, նավթի առքուվաճառքի, շուկայական գնանշման գործարքները, բանկային համակարգը, երևում է, որ 2 երևույթ կա, որ աննկատ անցան` գլոբալիզացիան արդեն եկել է և բոլոր երկրների դրամական հոսքերը ներխուժել են մեկը մյուսի մեջ: 1998-1999 թ. ԱՄՆ բանկային համակարգին թույլ տրվեց մասնակցել կապիտալի շուկայի գործարքներին: Սա արագացրեց գլոբալ տնտեսության աճի տեմպերը, սակայն գործարքներն իրականացվում էին հիփոթեկային պարտատոմսերի ածանցյալների նկատմամբ, որոնք կապ չունեն իրական տնտեսության հետ, և այս ամենը չէր կարող չհանգեցնել ճգնաժամի:
Աշխարհն արդեն հասկացել է սա, այժմ շատ լուրջ գործընթացներ են գնում բանկային համակարգի կարգավորման դաշտում, Բազել-3 փաստաթուղթն է ձևավորվում, շատ շուտով բանկերին կարգելվի կապիտալի և, հավանաբար, արտարժույթի շուկաներում ակտիվություն ցուցաբերել: Գլոբալ ֆինանսական շուկայի կարգավորումն այլևս հնարավոր չէ ազգային մակարդակով: Անհրաժեշտ է վերազգային մակարդակով ստեղծել և ուղեժղացնել համապատասխան ինստիտուտները, աշխատանքները տարվում են և մի քանի տարիների ընթացքում ֆինանսական շուկայի կարգավորման ամբողջ ինստիտուցիոնալ դաշտը կփոխվի:
- Հայաստանում այդ ամենն ի՞նչպես է արտացոլվում:
- Հայաստանն այս գլոբալ ֆինանսական շուկայի ո՛չ մասնակիցն է, ո՛չ` ածանցյալը: Մեր երկրի համար կա ազդեցության 3 ուղի` օտարերկրյա մասնավոր տրանսֆերտները, որոնք ճգնաժամի արդյունքում կտրուկ նվազեցին, վերջին տարիներին մեզ մոտ ընթացող շինարարական բումը և ներդրումները, որոնք էկզոգեն էին: Գաղտնիք չէ, որ այսօր շուկայում բնակտարածքի քմ-ի արժեքը բացարձակապես չի համապատասխանում բնակչության գրպանին: Արդյունքում շենքերը կանգնած են, պահանջարկ, կարծես թե, չկա, բայց քաղաքացիների 80 %-ն ունի բնակտարածքի բարելավման խնդիր: Ճգնաժամի ժամանակ հանքարդյունաբերության գների կոնյուկտուրայի փոփոխություն և արտահանման ծավալների կտրուկ կրճատում եղավ, ինչի հետևանքով ռեցեսիան կազմեց 14 %-ից ավելի և տարիների հեքիաթը փլուզվեց, պարզվեց, որ մեր տնտեսվարման մեխանիզմն ի վիճակի չէ դիմակայելու էկզոգեն շոկերին, չունենք այնպիսի ինստիտուտներ, որոնք կարող են ներքին ռեսուրսների տրանսֆորմացիայի ճանապարհով ստեղծել սեփական ներդրումային գործիքներ և ամբողջությամբ կախված ենք արտաքին աշխարհից:
Այժմ շատերին շահեկան է թվում շահարկել տվյալ պահի ՀՆԱ ցուցանիշները` մեկը խոսում է 2.6 % աճի մասին, մյուսը` 14.4 % անկման բազայի վրա այդ աճը ազնիվ չի համարում, և շարունակում ենք մնալ ճգնաժամում, պատճառներ են բերում և վերլուծություններ` պահի հետ կապված: Մինչդեռ մենք անկախության այս 19 տարիները ձախողել ենք, մենք պարտվել ենք պատմությանը: Ի վերջո, ցանկացած ազգի, պետության նպատակը կյանքի որակի բարելավումն է, այն արժանապատիվ մակարդակի հասցնելը: Սոցիալ-տնտեսական գործոններին պետք է գումարել մարդու իրավունքները. մեզ մոտ մարդու իրավունքները ոչ թե ոտնահարված են, այլ պետական շինարարության ամբողջ համակարգը ձևավորված է մարդու իրավունքների բացառման գործոնի վրա: Սակայն եթե մարդու իրավունքների վրա չխարսխվի ժողովրդավարությունը, ոչինչ էլ չի ստացվի: Այս ամենը խիստ վտանգավոր է դառնում առկա միգրացիայի պայմաններում: Համաշխարհային բանկի ցուցանիշների համաձայն` 1991-1995 թթ. Հայաստանը լքել է 500 հզ. մարդ, 1996-2000 թթ.` 225 հզ. մարդ, 2001-2005 թթ.` 100 հզ. մարդ, 2006-2010 թթ.` 100 հզ. մարդ: Ընդհանուր մոտ 1 մլն մարդ, որից սարսափելի իրողություն հնարավոր չէ պատկերացնել: Մենք գտնվում ենք աշխարհի 5-6 փախչող ազգերի հավաքականի կազմի մեջ: Ընդ որում, ծնելիության ցուցանիշը մոտ 1.35 է, այն դեպքում, երբ պետք է լինի առնվազն 2, որպեսզի ազգը վերարտադրվի: Ի մի բերելով` կարելի է ասել, որ աշխարհի վերացող ազգերի ակումբի անդամ ենք: Այս ցուցանիշները քվեարկություն են մեր բոլոր կառավարությունների աշխատանքի արդյունքների նկատմամբ: Մնացած հարցերի շուրջ քննարկումներն արդեն անտեղի են:
- Հայաստանի տնտեսության առաջնահերթ խնդիրները որո՞նք են:
-Այսօր այլևս ունենք այնպիսի տնտեսություն, որի հիմնական խնդիրն է մոնոպոլիզացիան` օլիգարխիզացիա ածանցյալով, երբ բնականոն ներդրողն անելիք չունի, և դրա հետևանքով ունենք համատարած կոռուպցիայի համակարգ, որի հարցում ԱՊՀ երկրներից առաջ ենք անցել: Մենք կարող ենք պարծենալ, որ մեզ մոտ կոռուպցիան շատ ավելի նվազ է, քան մյուս երկրներում, քանի որ կոռուպցիայի դաշտում հիմնական խնդիրն առաջանում է մասնավոր հատվածում, իսկ մենք ունենք այնպիսի համակարգ, ուր խոշոր բիզնեսն է ներկայացնում իշխանությունը և կարիք չունի որևէ մեկի հետ բանակցելու բիզնեսի պայմանների մասին ու կաշառք տալու: Իսկ որոշ ժամանակ անց, եթե այսպես շարունակվի, փոքր բիզնեսը կվերանա: Աշխարհում նման երկիր չեք գտնի, որ շուկայի ներմուծման ոլորտում այսպիսի մոնոպոլիզացիայի աստիճան լինի` դիզելային վառելիք, բենզին, շաքարավազ, ցորեն, բուսական յուղ, ձու, կարագ: 2002-2009 թթ. շատ հետաքրքիր է միտումը. դիզ. վառելիքի ոլորտի մոնոպոլիզացիան 60 %-ից դարձել է 100 %, շաքարավազը 100 % եղել է ու կա, և այլն: Այսպիսի տնտեսությունը չի կարող զարգանալ: Ընդ որում, աշխարհում տեղի ունեցող գնային փոփոխությունների հետ մեր գները ոչ մի կապ չունեն. երբ միջազգային գներն անկում են ապրում, մեզ մոտ շարունակում են բարձրանալ: 2002-2009 թթ. մեր գնողունակության պարիտետը 3.3-ից հասել է 1.7-ի: Դա նշանակում է, որ կյանքը Հայաստանում ուղիղ 2 անգամ թանկացել է, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել: Սա 2 խնդիր ունի` դրամավարկային քաղաքականությունը (փոխարժեքի կառավարումն արդյունավետ չէ), և մեր փոխարժեքը վերջին 7 տարիների ընթացքում բացասական զարգացումներ ունեցավ` ի վնաս տնտեսության ներուժի` առաջին հերթին արտահանման, որը 2009 թ-ին ընդամենը 700 մլն դոլար է եղել: Դոլարիզացիայի մակարդակը հիմա կրկին ավելացել է, ինչպես 7-8 տարի առաջ:
Սպառում ենք մեր տնտեսությունը, սա փակուղի է և սովորական մեթոդներով դուրս գալն այլևս հնարավոր չէ: Վերջին տարիների ընթացքում կառավարությունը ներկայացրեց հավակնոտ ծրագրեր, որոնք մինչ օրս չեն իրականանում` ո՛չ Դիլիջանի ֆինանսական կենտրոնը, ո՛չ Ջերմուկի առողջարանային կենտրոնը, ո՛չ Գյումրիի տեխնոպարկը, քանի որ այս քաղաքական համակարգում, այս տնտեսվարման մեխանիզմներով հնարավոր էլ չէ այդ խնդիրները լուծել: Իսկ շարունակվող միգրացիայի պայմաններում կգա մի պահ, երբ կխոսենք Հայաստանի լինել-չլինելու մասին:
- Այս իրավիճակից ի՞նչ ելք եք տեսնում:
- Լուծումը, զարմանալիորեն, շատ արագ կարելի է իրականացնել: Փայլուն օրինակ է Վրաստանի փորձը, որը 4-5 տարի առաջ մեզանից շատ ավելի վատ վիճակում էր, իսկ այսօր օրեցօր է փոխվում: Ի՞նչ անել. նախ պետք է վերականգնել մրցակցային շուկան, որովհետև մնացածը երկրորդական է: Մոնոպոլիստներին դժվար է բացատրել, որ դուք սխալ եք անում, նրանք «բարերար հայ տղերք» են, ԱԺ-ն ամբողջությամբ բիզնեսով զբաղվող մարդկանցից է բաղկացած:
Մեր միակ ռեսուրսը Սփյուռքն է, որը թե՛ կապիտալով, թե՛ գիտելիքներով պետք է ներխուժի ՀՀ տնտեսություն: Խոսքը չի գնում օգնությունների մասին: Կարելի է սփյուռքահայ արհեստավարժների հրավիրել Հայաստան: Վերջին տարիներին կայացած փայլուն օրինակ ունենք` «Լույս» հիմնադրամը, որը ղեկավարում է Ժաքլին Կարաասլանյանը: Սակայն Սփյուռքի համար գերխնդիրներ են համարվում Ազգային խնդիրները և Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ օգտագործվում են բոլոր ռեսուրսները: Պետք է պայքարել մինչև վերջ, բայց պետք չէ նվիրվել միայն անցյալին: Ես կարծում եմ, որ մեր գերխնդիրը նախ Հայոց Հանրապետության կայացումն է, պետք է կառուցել պետությունը, պետք է քաղաքական կամք և լրջագույն, դաժան պայքար թափթփվածության, կաշառակերության, խուլիգանության դեմ:
Գայանե Խաչատրյան