02/02/2011 14:57
Ռ. Թովմասյան. Կոմկուսում երիտասարդացման խնդիր չկա
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի շարունակում բանակցությունները Վազգեն Սաֆարյանի ղեկավարած Կոմունիստական առաջադիմական միացյալ կուսակցության և Յուրի Մանուկյանի ղեկավարած Միավորված Կոմունիստական կուսակցության հետ: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով` այդ քաղաքական գործիչները հակասական հայտարարություններ են թույլ տալիս:
Ըստ Ռ.Թովմասյանի` ԿԱՄԿ-ի միավորման հարցը պետք է քննարկվեր ՀԿԿ հատուկ հանձնաժողովի կողմից, այլ ոչ թե համագումարի, ինչպես հայտարարել է Վ.Սաֆարյանը: ՀԿԿ ղեկավարի խոսքով` թեև Յու.Մանուկյանը հայտարարել է, թե պատրաստ է դառնալ ՀԿԿ շարքային անդամ` Ռ.Թովմասյանի նախագահության ներքո, այնուամենայնիվ, հակառակ քայլեր է ձեռնարկում, պահանջելով ՀԿԿ ղեկավար կազմի փոփոխություն:
Ի պատասխան լրագրողների հարցին` արդյո՞ք Կոմկուսը պատրաստվում է փոխել իր մարտավարությունը, որպեսզի ամրապնդի իր դիրքերը քաղաքական դաշտում, Ռ.Թովմասյանն ասաց, թե «չի կարող կոմունիստական գաղափարախոսությունը հարմարացնել իշխող ռեժիմի»: Նա նաև չհամաձայնեց լրագրողների դիտարկմանը, թե այսօր Կոմկուսում երիտասարդացման խնդիր կա:
«Նոյեմբերի 29-ի համագումարին շուրջ 100 երիտասարդ պատվիրակ ենք ունեցել»,- ասաց նա: Aysor.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Վիետնամի Կոմկուսների երիտասարդացմանն ուղղված քաղաքականությունը` Ռ. Թովմասյանը ողջունեց այն, միաժամանակ հայտարարելով, որ յուրաքանչյուր կուսակցություն ունի իր մարտավարությունը, իր ապագայի մասին ուրույն պատկերացումները:
Նշենք, որ Միավորված Կոմունիստական կուսակցության ղեկավար Յուրի Մանուկյանը բազմիցս հայտարարել է ՀԿԿ-ին վերամիավորման պատրաստակամության մասին` միաժամանակ նշելով այդ կուսակցությունում առողջ սերնդափոխության անհրաժեշտության մասին: