12/03/2011 12:49
Համերգ` Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցում
Մարտի 11-ին Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ համերգ` դպրոցի սաների մասնակցությամբ: Այս մասին այսօր տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Միջոցառումները նվիրված էին 2010թ. դեկտեմբերի 11-ին ԱԳ նախարարի տիկնոջ կողմից ղեկավարվող «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառի միջոցներով դպրոցի վերանորոգման աշխատանքների ավարտին:
Անցյալ տարեմուտին «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառի ողջ հասույթը տրամադրվել րէ Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցին և Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցին:
Ելույթ ունենալով միջոցառմանը «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի ղեկավար Նատալյա Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց տոնավաճառի բոլոր մասնակիցներին` Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք աջակցել են այս նպատակի իրականացմանը: Տիկին Նալբանդյանը շնորհավորեց դպրոցի ուսուցչական կոլեկտիվին և սաներին վերանորոգման աշխատանքների ավարտի կապակցությամբ և մաղթեց նորանոր ստեղծագործական հաջողություններ արդեն առավել հարմարավետ պայմաններում:
Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Մելքոնյանը իր հերթին երախտիքի խոսքեր ասաց «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիային և Նատալյա Նալբանդյանին` դպրոցի վերանորոգման խնդրի լուծման հարցում անձնական մասնակցության համար: Միաժամանակ նա հույս հայտնեց, որ բարեկարգված պայմանները լրացուցիչ խթան կհանդիսանան դպրոցի աշակերտների` էլ ավելի լավ սովորելու համար:
Կազմակերպված համերգի ժամանակ ելույթներով և կատարումներով հանդես եկան դպրոցի սաները: