16/03/2011 18:08
Կովկասյան առաջին տեղեկատվական. Շուտով 24 ժամ եթերում
«Կարևոր է, որ մենք Կովկասը ոչ միայն արտաքին աշխարհին ներկայացնենք, այլև հենց տեղի ժողովրդին ու հարևան երկրներին միմյանց: 25 տարի է` այցելում եմ Հայաստան ու գիտեմ, որ անտեղյակություն կա հարևան երկրների նկատմամբ: Ու այս հեռուստաալիք ստեղծելու նպատակը նաև այն էր, որ մեկը մյուսին ճանաչեն հենց այս ալիքի միջոցով»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՊԻԿ (Կովկասյան առաջին տեղեկատվական) հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոբերտ Պարսոնսը, ով եղել է Մոսկվայում BBC –ի ու Ազատություն ռադիոկայանի թղթակիցը:
Նա շեշտեց, որ չնայած հեռուստաալիքը գործում է Վրաստանում, բայց իրենք իրենց ընկալում են ոչ թե որպես վրացական հեռուստաալիք, այլ կովկասյան, դրա համար էլ հեռուստաալիքի լեզուն ռուսերենն է:
«Չնայած «ՊԻԿ»-ը ստեղծվել է վրացական կառավարության տրամադրած դրամաշնորհի միջոցով, այնուամենայնիվ, պայմանը վրացական կառավարության հետ այն է, որ իրենք մեր բովանդակային խնդիրներին չեն միջամտելու: Ու քանի որ քաղաքացիական լրագրությունը մեր աշխատանքի կարևոր մասն է, դրա արտացոլումը www.pik.tv կայքը դարձավ»,- ասաց Ռ. Պարսոնսը` հավելելով, որ իրենց նպատակն է` լինել օբյեկտիվ, անաչառ, ազնիվ, հետաքրքիր բոլորին, ովքեր ապրում են Կովկասում:
Նշենք, որ վերանվանված ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաալիքը, որը նախկինում կոչվում էր Առաջին կովկասյան հեռուստաալիք, եթեր է դուրս գալիս հունվարի 25-ից` 6 ժամ տևողությամբ, սակայն շուտով կդառնա 24 ժամյա:
Հենց այդ փաստով պայմանավորված` հեռուստաալիքը տեղական օրենքով կարող է իրեն թույլ տալ ունենալ ընդամենը 30 րոպե գովազդ` այն էլ ոչ թողարկման հիմնական ժամերին, իսկ 24 ժամ եթեր ունենալուց հետո գովազդի խնդիրը կլուծվի:
Նշենք նաև, որ «ՊԻԿ» հեռուստաալիքում աշխատում է ընդամենը մեկ հայ լրագրող` Հովհաննես Մանուկյանը: Այն եթեր է հեռարձակվում է արբանյակով` Hot Bird@E13 հաճախականությամբ: