25/03/2011 10:51
«Եվրամիությունը բացել է դուռը, և Հայաստանն անցնում է այդ դռնով»
Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ այսօր կազմակերպել է համաժողով` «Մասնակցային եվրոպական ինտեգրում» խորագրով:
Համաժողովին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը նշեց, որ Հայաստանն այժմ գտնվում է Եվրոպական միության ծրագրի գործունեության չորրորդ տարում: Սա, ըստ դեսպանի, շատ կարևոր փուլ է:
«Ես հավատում եմ, որ եվրոպական միության քաղաքականությունը մեծ ծրագիր է բոլոր այն հարցականներով, որ դրվում էին քաղհասարակության կողմից: Հիմնական նպատակները կատարվել են: Ծրագրի հանգուցային նպատակն էր անդամ-երկրներին ավելի մոտեցնել Եվրոպային»,- ասաց Ռ. դե Լուցենբերգերը:
Դեսպանի խոսքով, Հայաստանում եվրաինտեգրման ուղղությամբ ուշադրության արագ աճ և փոխհարաբերությունների ինտենսիֆիկացիա է նկատվում, և «արագությունը գալիս է նաև կառավարությունից, հասարակությունից եկած դրական արձագանքից»:
«Եվրամիությունը բացել է դուռը, և Հայաստանն անցնում է այդ դռնով: Եվ, իհարկե, մենք ցանկություն ունենք ամբողջապես ՀՀ քաղաքացիական հասարակությունն ինտեգրել Եվրոպական քաղաքացիական հասարակության մեջ: Մենք հետաքրքրված ենք իրական երկխոսության ծավալմամբ և սպասում ենք նման երկխոսություն»,- ասաց Ռաուլ դե Լուցենբերգերը:
Քաղաքացիական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Սեկարևը պարզաբանեց, որ նման համաժողովի գաղափարն է փորձել տեսնել, թե ինչպես են հասարակության տարբեր շերտերը մասնակցում եվրոպական ինտեգրացիային:
«Երբ հաստատվեց Եվրամիության ու Հայաստանի միջև գործողությունների պլանը, նոր թափ հաղորդվեց այս շարժմանը: Երկու տարիների ընթացքում մենք աշխատում էինք գործադիր իշխանության հետ Երևանում և Երևանից դուրս, մենք շատ բաց աշխատում էինք քաղաքացիական հասարակության հետ` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում»,- ասաց Ա. Սեկարևը` հավելելոց, որ բազմակողմանի աշխատանքը Երևանում և մարզերում փոփոխում է իրավիճակը, բարձրացնում հասարակության իրազեկվածությունը եվրաինտեգրման ճանապարհին: