30/03/2011 09:33
Պետդեպը պատժամիջոցներ է սահմանել «Բելոռուսնեֆտ»-ի նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Բելոռուսնեֆտ» ընկերության հանդեպ` Իրանի հետ համագործակցության համար: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հողորդագրության մեջ:
«Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանում պետական էներգետիկ ընկերություն «Բելոռուսնեֆտ»-ի հանդեպ` համաձայն Իրանի դեմ պատժամիջոցների օրենքի», - նշված է Պետքարտուղարության հաղորդագրությունում:
Ինչպես լրագրողներին պարզաբանել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները, պատժամիջոցները կսահմանափակեն «Բելոռուսնեֆտ»-ի մուտքը ամերիկյան շուկա:
«Դա զերծ կպահի այլ ընկերություններին իրանցիների հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունից, որովհետև նրանք ընտրության առջև կկանգնեն` Իրանո՞ւմ բիզնես ծավալել, թե ԱՄՆ-ո՞ւմ», - հայտարարել է Տոները:
Պետդեպի պաշտոնյան նաև նշել է, որ պատժամիջոցները, մասնավորապես, արգելում են «Բելոռուսնեֆտ»-ին վարկեր ստանալ ԱՄՆ Էքսիմբանկից, ինչպես նաև մասնավոր բանկերից: Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը այսուհետ չի կարողանա բելոռուսական ընկերությանը ապրանքների արտահանման լիցանզիա տրամադրել: